Վերաքննիչ դատարանն այսօր՝ հունվարի 23-ին կայացած նիստում մերժել է Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի վերաքննիչ բողոքը` Վարդան Պետրոսյանի խափանման միջոց կալանքը երկու ամսով երկարաձգելու մասին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ինքը՝ Նիկոլայ Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ ինքը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացնել՝ կապված նիստերը դռնփակ անելու որոշման հետ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել էին BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Վարդան Պետրոսյանը կալանավորված է, Վերաքննիչ դատարանը մերժել էր փոխել նրա խափանման միջոցը:  Դրանից հետո նշանակված նոր քննիչը՝ Դավիթ Մարտիրոսյանը, դիմել էր Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ դերասանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը երկու ամսով երկարացնելու համար, ինչը բավարարվել է: