ԱՄՆ ԿՀՎ-ն 15 մլն դոլար է վճարել Լեհաստանի տարածքում գաղտնի բանտ ստեղծելու նպատակով, որտեղ կպահվեն են ահաբեկչության մեջ կասկածվողները: Գումարով պարկերը 2003-ին դիվանագիտական փոստի միջոցով Վարշավա են հասցվել, հաղորդել են ամերիկյան լրատվամիջոցները:

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ԿՀՎ-ն, 2001-ի սեպտեմբերի 11-ից հետո, վարձով է վերցրել երկրի հյուսիսում գտնվող ու լեհական հետախուզությանը պատկանող վիլլայի տարածքը: Վիլլան, որը նախատեսված չէր բանտարկյալ պահելու համար, լիովին վերակառուցվել է: «Ալ-Կաիդայի» հետ կապի մեջ կասկածվող առաջին անձանց այնտեղ են տեղափոխել 2002-ի դեկտեմբերի  5-ին: Լեհերի մուտքն այդ տարածք կտրականապես արգելվում էր:

Հաղորդվում է նաեւ, որ բանտի ղեկավարը, որտեղ բանտակյալներին կտտանքների էին ենթարկում, եղել է ոմն Մայքլ Սիլի: Օբյեկտը փակվել է 2003-ին, իսկ այնտեղ բանտարկված մարդկանց տեղափոխել են Ռումինիայի ու Մարոկկոյի համանման օբյեկտներ, հաղորդում  է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Սպասվում է, որ առաջիկայում լեհական Սենատը կհրապարակի ԿՀՎ բանտի բացման վերաբերյալ զեկույց: