Եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն եւ ԵՄ գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը մեկնում են սատարելու Ուկրաինայի իշխանության եւ ընդդիմության երկխոսությանը:

ԵՄ-ն պատրաստ է աջակցել Ուկրաինայի իշխանության եւ ընդդիմության երկխոսությանը: Այդ առաքելությամբ Կիեւ են մեկնում Եվրամիության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն եւ Եվրամիության արտաքին և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը:

Ֆյուլեն Կիեւում կլինի արդեն այսօր` հունվարի 24-ին, իսկ Էշթոնը` հաջորդ շաբաթ, հայտնում է cenzor.net-ը: «Նախագահ Բարոզուն պարոն Յանուկովիչին ասել էր, որ մենք պատրաստ ենք աջակցել երկխոսությանը եւ երկրում լարվածութան թուլացմանը:

 Բարոզուն առաջարկել էր, որպեսզի հանձնակատար Ֆյուլեն Կիեւ ժամանի հունվարի 24-ին: Իսկ ԵՄ գերագույն հանձնակատար եւ եվրահանձնաժողովի փոխնախագահ Էշթոնը, հնարավոր է, Կիեւ մեկնի հաջորդ շաբաթ», - ճեպազրույցի ժամանակ ասել է եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Օլիվիե Բային` լրատվամիջոցներին տեղեկացնելով Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոի հեռախոսազրույցի մասին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լեհաստանի նախկին նախագահ Ալեքսանդր Կվասնեւսկին հայտարարել էր, որ Ուկրաինայի խնդիրներն արհամարհելը կամ դրանց կարգավորման գործում ոչ բավարար մասնակցությունը կարող է շատ թանկ նստել ԵՄ-ի վրա: