Կիեւում, այսօր՝ հունվարի 24-ի գիշերը, ցուցարարները գրավել են Ուկրաինայի ագրարային քաղաքականության եւ պարենի նախարարության շենքը, որը գտնվում է Կրեշչատիկում:
«Բանակցություններից հետո վերջնականապես պարզ դարձավ, որ խոստացված հարձակումը պետք է կազմակերպել ինքնուրույն: Մենք սկսում ենք: «Ընդհանուր գործ»-ի ակտիվիստները քիչ առաջ զբաղեցրել են Ագրարային քաղաքականության եւ պարենի նախարարության շենքը»,-Facebook-ի իր էջում գրել է շարժման առաջնորդ Ալեքսանդր Դանիլյուկը:
«Շենքը գրավել ենք մարդկանց տաքանալու համար»,-ասել է Մայդանի ինքնապաշտպանության ջոկատի ավագը, որը պատասխանատու է նախարարությունում կարգուկանոնի համար: Նա հավելել է, որ շենքի անվտանգության ծառայության աշխատակիցները չեն տուժել եւ ներկայումս լքել են շենքը, հաղորդում է «Կորեսպոնդենտ»-ը:
Տղամարդը նաեւ հավելել է, որ գրավված շենքում նաեւ բուժկետ կգործի: Մայդանի ինքնապաշտպանության ներկայացուցչի խոսքով՝ հունվարի 24-ին, ժամը 6:30-ի դրությամբ, «նախարարության բոլոր դահլիճները փակված են, գույքային ոչ մի վնաս չի հասցվել, սակայն կոտրվել է մուտքի 4 ապակիներ, որը մենք անպայման կփոխենք»:
Միաժամանակ նա նշել է, որ նախարարության աշխատակիցները, որոնք եկել են վերցնելու իրենց անձնական իրերը, չեն կարողացել դա անել, քանի որ Մայդանի ինքնապաշտպանության ջոկատների ներկայացուցիչները թույլ չեն տվել: «Մենք բոլոր իրերը կնքել ենք եւ ոչ ոք ներս չենք թողնի, մինչեւ չպարզվի երկրում տիրող իրավիճակը»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ վաղ առավոտյան ցուցարարները գրավել են Կիեւի քաղաքային վարչակազմի շենքն ու Արհմիությունների տունը:




























