Հայ-ադրբեջանական սահմանին գտնվող գյուղերում այժմ իրավիճակը հանգիստ է, գիշերվա կրակոցների հետեւանքով նյութական վնասներն էլ չնչին են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում վստահեցրին գյուղապետերը:

Չինարի գյուղապետ Սամվել Սաղոյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հետեւյալը. «Խաղաղություն է, արեւ, նորմալ, իրիկվա բաների վրա խնդում ենք, ամեն ինչ նորմալ է, սովորական կրակոցներ էին, բայց մեր բանակը կանգնած է, սահմաններն էլ ամուր են»: Նա շեշտեց, որ մարդկային կորուստ չունեն, ընդամենը թեթեւ նյութական վնասներ կան, որոնք միշտ էլ լինում են:

Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ արդեն առավոտ վաղ շրջել է գյուղում, չնչին նյութական վնասներ կան, բայց  կյանքը իր բնականոն հունի մեջ է:

Իսկ Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանն էլ տեղեկացրեց, որ կրակոցները հնչել են մինչեւ 04.00-ն, դրանից հետո եւ այժմ վիճակը հանգիստ է, դպրոցը, մանկապարտեզը աշխատում են: «Տանիքներ, պատեր են վնասվել, բայց դրանք բոլոր կրակոցների ժամանակ էլ լինում են»,-ասաց Մանվել Կամենդատյանը:

Նշենք, որ հայ-ադրբեջանական սահմանին, Տավուշի մարզի հայկական գյուղերի ուղղությամբ, երեկ՝ հունվարի 23-ի, գիշերը պարբերաբար կրակել են, հակառակորդը մոտ 200 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը: Թշնամին կրակել էր Տավուշի մարզի սահմանամերձ մի շարք գյուղերի՝ Ներքին Կարմիրաղբյուրի, Այգեպարի, Մովսեսի եւ Չինարիի վրա։ Կրակոցների հետեւանքով Այգեպարում վիրավորվել է 16-ամյա աղջիկ՝ Լիանա անունով, ում ոտքից գնդակն արդեն հանել են, նրա վիճակը լավ է: