ԼՂՀ զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչությունը պաշտոնապես անդրադարձել է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ընթացող Ֆիտուր Մադրիդ-2014 զբոսաշրջային ցուցահանդեսում տեղի ունեցած ադրբեջանական սադրանքներին:
Տարածված հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Այս շաբաթվա ընթացքում Արցախի Հանրապետությունը առանձին տաղավարով մասնակցում է Իսպանիայի Մադրիդ քաղաքում ընթացող «Ֆիտուր Մադրիդ-2014» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին: Արդեն սովորական դարձած ավանդույթը հավատարիմ, այս անգամ եւս ադրբեջանական կողմը փորձում է տարբեր կերպ խաթարել Արցախի մասնակցությունը ցուցահանդեսում: Ցուցահանդեսի բացման օրը ԼՂՀ տաղավարին են մոտեցել մի խումբ ադրբեջանցիներ՝ Ադրբեջանի դրոշներով եւ հայտնել, որ իրենց նպատակն է խանգարել Արցախի գործունեությունը ցուցահանդեսում`պարզապես փակելով ճանապարհը դեպի ԼՂՀ տաղավար: Պարզելով դրոշները, ցուցարարները շրջափակել են ԼՂՀ տաղավարը: Ձեռնարկած միջոցների շնորհիվ երիտասարդ ադրբեջանցիների ցույցը կասեցվել է, ու ԼՂՀ տաղավարը շարունակում է արդյունավետ աշխատանքները ցուցահանդեսում: Ադրբեջանական կողմի սադրանքը Արցախի համար հերթական անգամ վեր է ածվել յուրահատուկ գովազդի:
Մինչդեռ, ադրբեջանական լրատվամիջոցների համաձայն, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը խոստացել է միջոցներ ձեռնարկել՝ ԼՂՀ մասնակցությունը ցուցահանդեսում կասեցնելու նպատակով: Այսօր առավոտյան Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Իսպանիային: Մինչ այդ, նախքան ցուցահանդեսի բացումը, նույն գերատեսչությունը վստահեցրել էր, որ կկատարի «հետաքննություն» ցուցահանդեսում ԼՂՀ հավանական մասնակցության մասին շրջանառվող տեղեկությունների վերաբերյալ:
«Ֆիտուր Մադրիդ-2014» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը կարեւորվում է հատկապես այն հանգամանքով, որ այն տեղի ՝է ունենում ՄԱԿ-ի Համաշխարհային Զբոաշրջային Կազմակերպության նստավայր քաղաքում»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մի խումբ ադրբեջանցիներ հունվարի 22-ին, փորձել են խոչընդոտել Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում տեղի ունեցող «Fitur» միջազգային զբոսաշրջային տարեկան ցուցահանդեսին Հայաստանի եւ Արցախի միասնական տաղավարի բնականոն աշխատանքը:
Այս տարի նախատեսվում էր 167 երկրների շուրջ 10 հազար զբոսաշրջային ընկերությունների, ավելի քան 110 հազար առեւտրային գործակալների եւ 92 հազար այցելուների մասնակցություն ցուցահանդեսին:




























