ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է հրաժարվել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ ձեռքբերված պայմանավորվածությունից եւ Կիեւին 15 մլրդ դոլարի վարկի փոխանցումը կասեցնել:

 «Հիմա կսկսենք պահանջել դադարեցնել Ուկրաինայի ֆինանսավորումը», - ասել է նա եւ հավելել, որ ֆինանսավորումը պետք է դադարեցնել հենց հիմա, քանի դեռ վարկի ամբողջ գումարը չի փոխանցվել:

«Ո՞ւմ ենք մենք փոխանցում», - հարց է ուղղել Ժիրինովսկին: Չէ՞ որ գործող նախագահ Յանուկովիչը, ըստ նրա, 2015-ի մարտի ընտրություններում տանուլ կտա: Եվ նրա տեղը կզբաղեցնեն ներկայիս ընդդիմության ներկայացուցիչները, վստահ է ՌԼԴԿ-ի ղեկավարը, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Բացի դրանից` Ժիրինովսկին նաեւ հայտարարել է, որ ակնհայտ են արեւմտյան հատուկ ծառայությունների կողմից կազմակերպված սադրանքները «նույն սխեմայով, որը բազմիցս կիրառվել է տարբեր երկրներում, այդ թվում նաեւ` Ռուսաստանում»:

Իսկ Մայդանում զոհվածները դարձել են արտասահմանցի դիպուկահարների զոհ: Ըստ Ժիրինովսկիի` վաղ թե ուշ Ուկրաինան կպառակտվի: Եւ Ռուսաստանն այդ դեպքում ոչինչ չի կարող անել: