Ի՞նչ է նշանակում 5 օրվա ընթացքում Երեւանի թվով 21 մանկապարտեզներում մատակարարներին 38 անգամ վերադարձնել է ժամկետանց սնունդը: Նման հարցադրմամբ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին է դիմել Երեւան քաղաքի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը:

Նա մասնավորապես նշել է.

«Հունվարի 20-ին կայացած Երեւանի քաղաքապետարանի աշխատանքային խորհրդակցության ժամանակ  զեկուցվեց N242  հսկողականի մասին, որը տրվել էր հունվարի 13-ին եւ կատարման ժամկետն էր  հունվարի 20-ը: Այն վերաբերում էր մայրաքաղաքի մանկապարտեզներում սննդի որակի նկատմամբ հսկողությանը` բացառելով ժամկետանց սննդի օգտագործումը:  Զեկուցեց քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության պետ պարոն Սիմոնյանը, ով ներկայացրեց, որ անցյալ շաբաթվա ընթացքում աշխատանքային շրջայցեր են կատարվել մայրաքաղաքի 21 մանկապարտեզներում  եւ մեկ շաբաթվա ընթացքում  ստուգողները 38  անգամ վերադարձրել են օրվա ստանալիք սնունդը: Ընդ որում Աջափնյակի մանկապարտեզներից 11, Արաբկիրի մանկապարտեզներից 22, Շենգավիթից` 1, Դավթաշենից` 4 անգամ: Արձանագրություններ չեն կազմվել:

Խնդրում եմ ստուգումների մասին տրամադրել հետեւյալ տեղեկությունները.

1. Ստուգող հանձնաժողովի կազմը,

2. Ո՞ր 21 մանկապարտեզներում են  իրականացվել ստուգումները,

3. Երեւանի մանկապարտեզներին սնունդ մատակարարողների ցանկը` ըստ վարչական շրջանների մանկապարտեզների,

4. Եթե տվյալ օրը մեկ անգամ է մանկապարտեզը սնունդ ստանում, ապա 21 մանկապարտեզներում ամենաշատը 21 անգամ կարող էր  ստացվելիք սնունդը վերադարձվել, ուրեմն ինչպե՞ս հասկանալ, որ օրինակ  Արաբկիրի մանկապարտեզներից 22 անգամ այն վերադարձվել, ինչպե՞ս է կազմակերպվել երեխաների սնունդն  այդ օրը»: