Կենտրոնական կայազորային հոսպիտալ տեղափոխված 18-ամյա զինծառայող Մհեր Խլղաթյանի ծեծի ենթարկվելու գործով կալանավորված բուժծառայության պետ, կապիտան Արման Դավիթի Թադեւոսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Լիպարիտ Սիմոնյանը:
Նա նշեց, որ Արմանն այժմ գտնվում է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում: Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը եւ արդեն կալանքի որոշումը բողոքարկել են Վերաքննիչ դատարանում, նիստի օրը հայտնի չէ: «Մասնավորապես, այն, ինչում նրան մեղադրում են եւ փաստական տվյալները, որոնք նշված են մեղադրանքի որոշման մեջ, իրականությանը չի համապատասխանում, Արմանը զինվորին չի ծեծել, չի հարվածել: Նա ընդամենը բժիշկ է եւ ցույց է տվել բժշկական օգնություն: Նրան առաջադրված հոդվածներից որեւէ մեկը չպետք է լիներ: Մինչ օրս անգամ Արմանի հետ առերեսում չի եղել, նա ցուցմունք չի տվել»,- ասաց Լիպարիտ Սիմոնյանը:
Փաստաբանը չի բացառում, որ նրան պարզապես քավության նոխազ են դարձնում, քանի որ ի սկզբանե առանց ճշտելու հայտարարություններ են եղել: Լիպարիտ Սիմոնյանը շեշտում է, որ փորձագետի եզրակացության մեջ չկա փաստ, որ զինվորի մարմնին ծխախոտ են հանգցրել, նրա մարմնին կան քերծվածքներ, վնասվածքներ, արյունազեղումներ են հայտնաբերվել: «Եթե այդ տղան ի վիճակի չի եղել խոսելու եւ պատմելու, ծնողների մոտ որտեղի՞ց այդ ինֆորմացիան, որ իրեն ծեծի են ենթարկել եւ ծեծի է ենթարկել Արմանը: Թոքաբորբը կարող էր Արմանը չնկատեր, այդ հարցը չի քննարկում, բժշկական խնդիր է, որքանո՞վ եք տրամաբանական համարում, որ բժիշկը ծեծի եւ դրանից հետո զանգի ծնողներին եւ հրավիրի բուժկետ՝ ասի եկեք երեխային տեսեք»,- ասաց Լիպարիտ Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 13-ին, ժամը 02-10-ի սահմաններում ՀՀ ՊՆ Վարդենիսի զինհոսպիտալից երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ, մարմնական վնասվածքներով ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել N զորամասի ժամկետային զինծառայող, նորակոչիկ Մհեր Արմենի Խլղաթյանը: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ զինծառայողին դաժան ծեծի են ենթարկել, իսկ հիվանդանոցի տնօրենը նշում է, որ նրա մոտ առկա է երկկողմանի ծանր թոքաբորբ, որի հետեւանքով էլ հոսպիտալացվել է:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 376 հոդ. 2-րդ (պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 358.1 հոդ. 2-րդ (զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասի նկատմամբ բռնություն գործադրելը) մասերով հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն:
Գործի շրջանակներում բուժծառայության պետ, կապիտան Արման Դավիթի Թադեւոսյանը կալանավորվել է հունվարի 17-ին, նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ-ի 376-րդ հոդվածի 1-ին մասի (ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը), 358.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին մասի (մի խումբ անձանց կողմից զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին նկատմամբ բռնություն գործադրելը) եւ 112-րդ հոդվածի 1-ին մասի (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը) հատկանիշներով:
Զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վահե Արմենի Օհանյանը եւ դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Հրաչ Սամվելի Մնացականյանը կալանավորվել են հունվարի 18-ին, նրանց մեղադրանք է առաջադրվել 358.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (մի խումբ անձանց կողմից զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին նկատմամբ բռնություն գործադրելը) եւ 358.1 հոդ. 2-րդ (զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասի նկատմամբ բռնություն գործադրելը) մասերով:




























