Լոս-Անջելեսի շրջանի շրջանային դատավորը հրաժարվել է մեղադրանք ներկայացնել Գլենդելի 21-ամյա բնակչուհուն Սանտա-Մոնիկայում երկու ձկնորսների դանակահարության եւ վնասվածքների համար: Նշենք, որ միջադեպի առթիվ Աղավնի Մանուկյանին նախապես ձերբակալել էին:
Ինչպես գրում է «Glendale News-Press»-ը, երեք տղամարդ Բըրբենքից իրենց մեղավոր չեն ճանաչել դանակահարության մասնակցության մեջ: 24-ամյա Արայիկ Հովոյանը իրեն մեղավոր չի ճանաչել սպանության փորձի մեղադրանքի երկու կետերով: Մյուս երկուսը՝ 19-ամյա Գեւորգ Բաղդասարյանն ու 18-ամյա Ալեքս Աքբարին իրենց մեղավոր չեն ճանաչել սպանության փորձի մեղադրանքի մեկ կետով եւ մահացու զենքի կիրառմամբ հարձակման մեղադրանքի մեկ կետով:
Ինչպես նախկինում հաղորդում էր NEWS.am-ը, հայկական ծագմամբ մի քանի երիտասարդներ, ինչպես նաեւ 21-ամյա աղջիկ ձերբակալվել էին Սանտա-Մոնիկայում հունվարի 18-ին: Տեղական ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ երիտասարդների մասնակցությամբ միջադեպը տեղի է ունեցել գիշերը նավահանգստում, որտեղ հավաքվում են ձկնորսները: Ականատեսների խոսքով՝ հինգ երիտասարդներից բաղկացած խմբի եւ երկու ձկնորսներ միջեւ վեճ է բռնկվել: Վեճը վերաճել է ծեծկռտուքի, որի ընթացքում երկու զոհերն էլ դանակի հարվածներ են ստացել: Ավելի ուշ նրանց տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրանցից մեկին վիրագատել են:
Ոստիկանության գործողությունների արդյունքում ձերբակալել էին հինգ կասկածյալի՝ չորս երիտասարդ Բըրբենքից եւ մեկ աղջիկ Գլենդելից: Ոստիկանությունը ձերբակալել էր Արայիկ Հովոյանին (24 տարեկան), Ալեքս Հակոբ Աքբարին (18 տարեկան), Գեւորդ Բաղդասարյանին (19 տարեկան), 16-ամյա դեռահասի եւ 21-ամյա Աղավնի Մանուկյանին:




























