Քաղաքական գործողությունների ամերիկյան հանձնաժողովը՝ Priorities USA Action-ը, սկսել է նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նախագահական քարոզարշավի դրամահավաքը։
Բացի այդ, կազմակերպությունում հույս ունեն, թե միջոցների փոխանցումը ցույց կտա, որ Քլինթոնն ամենաուժեղ թեկնածուն է Դեմոկրատական կուսակցությունից, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով The New York Times եւ The Telegraph-ը։
Դրամահավաքման հանձնաժողովի համանախագահներ են դարձել Ջիմ Մեսինան, որը 2012թ. ընտրություններում Բարաք Օբամայի շտաբն էր գլխավորում, եւ Միչիգան նահանգի նախկին նահանգապետ Ջենիֆեր Գրենհոլմը, որն առավել վաղ Քլինթոնին կոչ էր արել 2016թ. դնել թեկնածությունը։
Պետք է նշել, որ Բարաք Օբամայի համախոհները 2012թ. նրա նախընտրական քարոզարշավի համար կարողացել էին հավաքել 1,12 միլիարդ դոլար, որոնցից 79 միլիոնը ներգրավել էր հենց Priorities USA Action-ը: Հանրապետական Միթ Ռոմնիի կողմնակիցներին հաջողվել էր հավաքել 1,02 միլիարդ դոլար:
2013թ. ԱՄՆ-ի պետքարտուղարի լիազորությունները վայր դրած Հիլարի Քլինթոնը դեռ պաշտոնապես չի հայտարարել նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու մասին: Մինչդեռ, նա Դեմոկրատական կուսակցության ամենաուժեղ թեկնածուներից մեկն է: 2008թ. Հիլարի Քլինթոնն արդեն մասնակցել էր նախագահական քարոզարշավին եւ Բարաք Օբամայի հիմնական մրցակիցն էր կուսակցության ներսում: Այնուամենայնիվ, այն ժամանակ դեմոկրատների մեծամասնությունն աջակցել էր ներկայիս նախագահին:




























