Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացուն` երեխա որդեգրելու գործում աջակցող երեք կանայք հայտնվել են ամբաստանյալի աթոռին, ընդ որում, նրանցից երկուսը նախկինում դատապարտված են:
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, ըստ մեղադրանքի` 53- ամյա Գեղեցիկը, Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի Ա.Հովհաննիսյանից տեղեկանալով երեխա որդեգրելու մտադրության մասին, նրան հավաստիացրել է, որ որդեգրել կարող է միայն երեխային գնելուց հետո, որի համար կպահանջվի 15.000 ԱՄՆ դոլար:
Այդ գործարքում Գեղեցիկին օժանդակելու պատրաստակամություն հայտնած 25-ամյա Աննային եւս նախաքննական մարմինը մեղադրանք է առաջադրել:
Պարզվում է վերջինս էլ իր հերթին գործարքի մասին տեղեկացրել է իր համագյուղացի 29-ամյա Սերինեին, ով 2.000 ԱՄՆ դոլարի դիմաց առաջարկել է գնել իր աղջկան` Ռ.Ա.-ին:
Գեղեցիկին եւ Աննային մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-168-րդ հոդվածի 1-ին մասով եւ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, իսկ Սերինեին`34-168-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:




























