Հայաստանի հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթում 2013թ. քննվել է 239 քրեական գործ` ինչը 17 տոկոսով ավելին է, քան 2012թ., երբ քննվել էր 204 գործ: Այս ցուցանիշն այսօր՝ հունվարի 25-ին հաղորդվել է Հատուկ քննչական ծառայության խորհրդակցության ընթացքում, որը վարել է ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանը:

239 քրեական գործերից 7-ը փոխանցվել է նախորդ տարվանից, իսկ 232-ը ընդունվել է վարույթ: Անցած տարի վարույթ ընդունված քրեական գործերից 119-ը հարցուցվել է քննչական ծառայությունում, 102-ը ստացվել է այլ մարմիններից, իսկ 11-ը վերսկսվել է նախկինում կասեցված քրեական գործերից:

Քննված 239 քրեական գործերից ավարտվել է 93-ը, որոնցից 48-ը ուղարկվել է դատարան, իսկ 45-ը` կարճվել:

Դատի տրված 78 անձից նախաքննության ընթացքում կալանավորվել է 33-ը, իսկ 45 անձի նկատմամբ կիրառվել է կալանքի հետ չկապված խափանման միջոց:

Ծառայությունում քննված քրեական գործերով մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելիս կարեւորվել է այն, որ դա բացառիկ խափանման միջոց է եւ յուրաքանչյուր դեպքում հաշվի է առնվել ոչ միայն կոնկրետ մեղադրյալին վերագրվող արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, այլեւ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու օրենսդրական հիմքերի առկայությունը:

Նախորդ տարվա ընթացքում Հատուկ քննչական ծառայությունից դատարան ուղարկված քրեական գործերն ըստ բնույթի եղել են. կյանքի եւ առողջության դեմ ուղղված հանցագործություններ 3 անձի վերաբերյալ, անձի ազատության, պատվի եւ արժանապատվության դեմ ուղղված 2 անձի վերաբերյալ, սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված 2 անձի վերաբերյալ:

Եղել են նաեւ խախտումներ՝ ուղղված մարդու եւ քաղաքացիների սահմանադրական իրավունքների ազատությունների դեմ, սեփականության, տնտեսական գործունեության հասարակական անվտանգության, հասարակական կարգի եւ բարոյականության, պետական ծառայության, կառավարման կարգի, արդարադատության, զինվորական ծառայության կարգի դեմ:

Հատուկ քննչական ծառայության վարույթում անցած տարի քննված 239 քրեական գործից 77-ը եղել է կոռուպցիոն բնույթի, ինչը նշանակում է, որ նախորդ տարվա համեմատ կոռուպցիոն դեպքերի բացահայտումներն աճել են:

2012թ.-ին Հատուկ քննչական ծառայությունում քննվել է կոռուպցիոն բնույթի 46 գործ, ինչը նշանակում է, որ 2013թ.-ին նման դեպքերի բացահայտումն ավելացել է 31-ով:

Վերը նշված բացահայտումների արդյունքում 30 անձի նկատմամբ, որոնցից 26-ը` պաշտոնատար, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Նախորդ տարվա ընթացքում Հատուկ քննչական ծառայությունում ավարտված քրեական գործերով պետությանը պատճառված նյութական վնասի չափը կազմել է 1.293.932.531 դրամ, իրավաբանական անձանցը՝ 153.269.549 դրամ եւ ֆիզիկական անձանցը՝ 271.199.106 դրամ:

Պետությանը պատճառված 1.293.932.531 դրամ վնասից վերականգնվել է 1.240.532.531 դրամ կամ պատճառված վնասի 95,9 տոկոսը: Իրավաբանական անձանց պատճառված 153.269.549 դրամ վնասից վերականգնվել է պատճառված վնասի 100 տոկոսը: Ֆիզիկական անձանց պատճառված 271.199.106 դրամ վնասից վերականգնվել է 109.742.300 դրամ կամ պատճառված վնասի 40,5 տոկոսը:

Ավարտված գործերով ընդհանուր առմամբ պատճառված 1.718.401.186 դրամ վնասից նախաքննության ընթացքում կանխիկ գումարով եւ գույքով վերականգնվել է 1.503.544.380 դրամ կամ պատճառված վնասի 87,5 տոկոսը:

Խորհրդակցության ավարտին ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակիցներ` ծառայության պետի տեղակալ Վ. Հովհաննիսյանը եւ հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչ Մ. Բաբայանը, բարեխիղճ եւ արդյունավետ աշխատանքի համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգեւատրվեցին «Մխիթար գոշ» մեդալով: