Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում հունվարի 24-ին տեղի է ունեցել ռազմաբժշկական խնդիրներին ու դրանց լուծման ուղիներին նվիրված խորհրդակցություն:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության եւ առողջապահության նախարարներ Սեյրան Օհանյանը եւ Դերենիկ Դումանյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության եւ առողջապահության ոլորտի առաջատար ներկայացուցիչներ, մասնագետներ:

ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը խորհրդակցության ընթացքում ներկայացրել է 2013թ. ոլորտում իրականացված աշխատանքները, ընդգծեց, որ ռազմաբժշկական ծառայությունը հետեւողական է յուրաքանչյուր զինվորի առողջության պահպանման հարցում:

Խորհրդակցության ընթացքում արծարծվել են եղանակային կտրուկ փոփոխություններով պայմանավորված զորամասերում արձանագրված սուր շնչառական դեպքերը, դրանց զարգացման միտումներն ու կանխարգելման հարցերը: Քննարկվել են նաեւ նախազորակոչային տարիքի երիտասարդների պատվաստման խնդիրները: Ընդգծվել է, որ նորակոչիկները պետք է ցանկացած տեսակի վարակներից ու հիվանդություններից ապահովագրված մեկնեն ծառայութայն: Այդ նպատակով մի խումբ բժիշկ-մասնագետներ այցելել են տարբեր զորամասեր եւ ստուգել զինվորների առողջական վիճակը: Ծավալված քննարկման ընթացքում բարձրաձայնվել են ստուգայցերին մասնակցած մասնագետների կողմից արձանագրված ախտանշանները:

Խորհրդակցության արդյունքում որոշվել է ստեղծել ՀՀ պաշտպանության եւ առողջապահության նախարարությունների համատեղ միջգերատեսչական մասնագիտական խումբ, որը կքննի վերջին շրջանում կայծակնային արագությամբ զարգացող հիվանդությունների առաջացման  դրդապատճառներն ու կձեռնարկի անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ: