«Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալները դժգոհում են դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացից, որը, ըստ նրանց չի գործում: Այս մասին NEWS.am-ին հղած նամակում նշել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ռուբեն Ամատունին՝ հավաստիացնելով, որ դատապարտյալների մեծամասնությունը միանում են այդ բողոքին:
Նա փորձել է դժգոհությունը իր պատմությամբ հիմնավորել: Ամատունին նշել է, որ դատապարտված է ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 1-ին մասով, 34-176 հոդվածի 1-ին մասով, 35-176 հոդվածի 2-րդ մասով: Իսկ պատժի սկիզբը հաշվում է 2010թ-ից: «Չունեմ նախկին դատվածություն, տուժողի քաղհայց, բողոք իմ դեմ, այլ հակառակը արժանացել եմ երկու խրախուսանքի` վարքի եւ հանրօգուտ միջոցառումների մասնակցելու համար: Երկու անգամ է իմ պայմանական վաղաժամկետ ազատման հարցը քննվել: Վերջին անգամ 2013թ. հոկտեմբերին, սակայն կրկին մերժեցին»,- դժգոհել է դատապարտյալը:
Նրա փոխանցմամբ՝ շատ դատապարտյալների մոտ արդեն նկատվում է հոգեկան շեղվածության ախտանիշներ: «Իսկ Արդարադատության նախարարությունը եւ իրավապաշտպանները, ՄԻՊ-ը ոչինչ չեն անում իրավիճակը շտկելու համար: Մեզ օգտագործում են որպես թրաֆիկինգի առարկաներ հանդիսացող շրջանառու միջոցներ: Եթե այդպես շարունակի շատերիս կյանքն է խեղվելու»,-ահազանգել է դատապարտյալը:




























