Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության փոխնախագահ եւ խոսնակ Հուսեյն Չելիքը հայտարարել է, թե առաջիկա նախագահական ընտրություններում իրենց թիվ 1 թեկնածուն Ռեջեփ Թայիփ Էրդողանն է։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության փոխնախագահ եւ խոսնակ Հուսեյն Չելիքը հերքել է այն խոսակցությունները, թե իշխող կուսակցությունը կարող է փոխել ժողովրդի կողմից նախագահին ընտրելու նոր կարգը։

Հուսեյն Չելիքը հավելել է, թե իրենց կուսակցությունն ում առաջադրի, նա կընտրվի նախագահ, սակայն իրենց թիվ 1 թեկնածուն ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է։

Նշենք, որ վերջին շրջանում իշխող կուսակցության եւ Էրդողանի վարկանիշի անկումը ստիպել էր որոշ փորձագետների եզրակացնել, որ Էրդողանը նախագահական ընտրություններում մտավախություն ունի չհաղթահարել 51 տոկոսը եւ պատրաստվում է հետ փոխել օրենքը, այսինքն, նախագահին նորից ընտրի խորհրդարանը։