Հունվարի 26-ին` Բանակի օրվա առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվել է Սուրբ Պատարագ:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ պատարագիչն էր Հայոց բանակի հոգեւոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Սրբազան արարողությանը ներկա էին Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ բանակի բարձրագույն սպայական կազմը, Հայկական Բարեգործական Ընդհանուր միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանը եւ ՀԲԸՄ անդամներ:

Ս. Պատարագի ընթացքում իր քարոզում Վրթանես Սրբազանը անդրադարձել է հայ ժողովրդի կյանքում հայոց բանակի ունեցած կարեւոր դերին ու նշանակությանը:

«Հայտնի ճշմարտություն է, որ քրիստոնեությունը խաղաղության ու հանդուրժողականության, համերաշխության ու ներդաշնակության, այսինքն` սիրո կրոն է, որ մարդկանց թելադրում է աշխարհում ապրել առանց տարաձայնությունների ու թշնամանքի: Թվարկված պայմանները ցանկալի են բոլորիս համար: Ամենքս էլ, սակայն, գիտակցում ենք, որ այսօր իրականության մեջ թվարկվածները պակասում են, ուստի անհրաժեշտություն է դառնում ունենալու մի զորավոր պատնեշ, որը կարող է հակադրվել բռնությանն ու բիրտ ուժին: Ամեն երկրի համար այդ զորությունը բանակն է: Քանի դեռ երկրի վրա տիեզերածավալ խաղաղություն եւ մարդկանց միջեւ հաճություն չի հաստատվել, բանակն անհրաժեշտ պայման է մնում պետությունների ներքին եւ արտաքին անդորրն ապահովելու համար… Մեր պետության պարագայում զենքն ու բանակը երկրին կենսականորեն անհրաժեշտ են պաշտպանվելու նպատակով ու ոչ թե՝ անօրեն ձգտումների եւ ոտնձգությունների` այլոց վրա արշավելու, ուրիշի սահմանները զավթելու եւ անմեղների արյունը հեղելու համար: Բանակներ կան, որոնք մահ են սփռում, բանակներ էլ` որոնք վերահաստատում են խաղաղությունն ու սերը: Ինքնապաշտպանությունը մարդու բնական, անկապտելի իրավունքներից մեկն է, որ ստիպում է ունենալ ուժեղ բանակ: Մեր երկրի վրա եկող թշնամին պետք է գիտակցի, որ իր բռնության դիմաց կարող է համարժեք պատասխան ստանալ. սրով է գալիս` կարող է սրից էլ ընկնել: Խաչը հոգեւոր զենք է ընդդեմ չարի, որ պահպանում է ամեն ապավինողի, իսկ շրջվելով` դառնում ֆիզիկական զենք` պաշտպանելով նաեւ խաչին ապավինողի մարմինը: Այս առումով, հայ զինվորը պարտի գիտակցել, որ հաղթանակները չեն տրվում միմիայն զենքով, այլ հավատքի այն զորությամբ, որ դարեր շարունակ սերմանել են մեր մեջ մեր սուրբ եւ Քրիստոսաշավիղ հայրերը», - իր խոսքում մասնավորապես նշեց Սրբազան Հայրը:

Ս. Պատարագի ավարտին Մայր Տաճարի Իջման Ս. Սեղանի առջեւ, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվել է Հանրապետական մաղթանք` ի շինություն եւ ի պայծառություն Հայաստան աշխարհի ու Հայոց բանակի: Հանրապետական մաղթանքից հետո Գեւորգյան հոգեւոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է բերել ներկաներին՝ մեկ անգամ եւս ամենքին շնորհավորելով Հայոց բանակի 22-րդ տարեդարձի առիթով:

Իր խոսքում Նորին Սրբությունը գոհունակությամբ նշել է, որ Հայոց բանակն իր զինվորների ու զորականների անձնվեր ծառայության շնորհիվ այսօր ապահովում է երկրի խաղաղությունը` անվրդով կյանք ստեղծելով մեր ժողովրդի ու Հայրենիքի համար: Վեհափառ Հայրապետը ՀՀ Զինված ուժերի սպասավորներին մաղթել է Տիրոջ օրհնության ներքո երկար տարիների քաջառողջ կյանք, արդյունավոր ծառայություն եւ նորանոր ձեռքբերումներ՝ ի սեր Մայր Հայրենիքի եւ ի փառս մեր ժողովրդի:

Այնուհետեւ տեղի է ունեցել շքանշանների հանձնման արարողություն: Ի գնահատություն Հայրենիքին ու հավատավոր ժողովրդին մատուցած ծառայությունների, Վեհափառ Հայրապետը Հայոց բանակի հոգեւոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի միջնորդությամբ Հայ Եկեղեցու «Սբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանով է պարգեւատրել գեներալ-մայոր Սամվել Կարապետյանին, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանին, տիար Գառնիկ Հայրապետյանին, գնդապետ Դանիել Բալայանին եւ գնդապետ Օնիկ Գասպարյանին: Հայրապետական սրբատառ կոնդակն ընթերցել է Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայոց Բանակի օրվա առիթով բերում ենք Ձեզ Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքները եւ գոհունակությամբ անդրադառնում Հայրենի մեր երկրին մատուցած Ձեր ծառայություններին: Արցախյան հերոսամարտի տարիներին հազարավոր մեր հերոս զավակների հետ միասին Դուք Ձեր կարողությունները հոգու ողջ նվիրումով ի սպաս բերեցիք մեր Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Աստվածպարգեւ մեր հողի ազատագրման ծանր ու երկարատեւ պայքարում մեր ռազմական հաջողությունները կերտվեցին Ձեզ պես հայորդիների քաջության ու անձնազոհության շնորհիվ, ովքեր արիաբար դիմակայեցին հակառակորդի բոլոր հարձակումներին եւ հաղթական էջեր հավելեցին մեր արդի պատմությանը: Զինադադարի պայմաններում Դուք շարունակում եք տարբեր պաշտոններում արդյունավոր ծառայությամբ ավանդ բերել Հայոց Բանակի զորացմանը` ի խնդիր մեր երկրի ու ժողովրդի ապահովության ու առաջընթացի: Ձեզ շնորհված բազմաթիվ պետական ու զինվորական կոչումներն ու պարգեւները արժանի վկայությունն են տասնամյակների Ձեր գովարժան վաստակի», - մասնավորապես նշված է շքանշանակիրներին շնորհված Հայրապետական կոնդակում: