Ավստրալիայի հյուսիսում 12-ամյա տղան դարձել է կոկորդիլոսի զոհ: Հունվարի 26-ի առավոտյան անհետացած տղայի որոնումները շարունակվում էին, սակայն ավելի ուշ ոստիկանությունը հայտնել էր, որ նա, ամենայն հավանականությամբ, զոհվել է:
Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Կակադու ազգային պարկում` Դարվինից 200 կմ դեպի արեւելք: Մի քանի դեռահասներ լողալիս են եղել լճակում: Հանկարծ նրանցից մեկի վրա կոկորդիլոս է հարձակվել` կծելով ձեռքը: Երբ երեխային հաջողվել է արագ դուրս գալ ջրից, կոկորդիլոսը բռնել է մեկ այլ տղայի եւ թշվառին ջրի տակ քաշել:
Հունվարի 27-ին արգելոցի տեսուչները դեպքի վայրից ոչ հեռու սպանել են երկու խոշոր կոկորդիլոսի եւ դիահերձել նրանց, սակայն մարդկային մնացորդներ չեն հայտնաբերել, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ այս տարի Ավստրալիայում կոկորդիլոսի հարձակման հետեւանքով սա մարդու մահվան առաջին դեպքն է: 2004թ.-ից ի վեր երկրում ամեն տարի գրանցվում է մարդկանց վրա կոկորդիլոսների հարձակման 4-5 դեպք:




























