Երեւանի կենտրոնում 2013թ հուլիսի 25-ին տաքսու վարորդի սպանության գործը դեռ չի բացահայտվել: Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ քրեական գործը չի կասեցվել, աշխատանքներ են տարվում գործի բացահայտման ուղղությամբ:

Գործի շրջանակներում առայժմ կասկածյալներ, մեղադրյալներ չկան: Քննության ընթացքի մասին այլ մանրամասներ ոստիկանապետը չհաղորդեց:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Երեւանի կենտրոնում` հենց Մաշտոցի պողոտայում հուլիսի 25-ին, սպանություն է կատարվել: Գիշերը` ժամը 00:50-ի սահմաններում հեծանվով երթեւեկող անհայտ անձը գնդակահարել էր տաքսու վարորդ, 33-ամյա Վահան Հովհաննիսյանին:

Վահան Հովհաննիսյանի հարազատները հայտնել էին, որ նա մեքենայով հասել էր Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկի հատված, որտեղ վեճ էր ծագել մի հեծանվորդի հետ: Վերջինս նստել էր տաքսին, ապա քիչ անց դուրս եկել եւ փախուստի դիմել: Վահան Հովհաննիսյանը եւս դուրս էր եկել մեքենայից եւ ընկել:

Ժամանած շտապօգնությունը վարորդին տեղափոխել էր թիվ 1 համալսարանական կլինիկա, որտեղ ժամը 3-ի սահմաններում Հովհաննիսյանը մահացել էր: Նրա մարմնից դուրս են բերել «ՏՕԶ» տեսակի հրազենի գնդակ: Չարագործը կրակել էր վարորդի որովայնին:

Նշենք, որ ոչ հրազենն է հայտնաբերվել, ոչ էլ հեծանվորդը: Ավելին, ոստիկանությունն առգրավել էր տարածքի տեսախցիկների արած տեսագրությունները, սակայն մինչ օրս չի կարողացել պարզել մարդասպանի ինքնությունը: Սպանվածի մահվան վկայականում դատաբժշկի տված եզրակացության համաձայն, Վահան Հովհաննիսյանը ստացել է որովայնի թափանցող հրազենային գնդակային վիրավորում, աղիների վնասում, միջընդերային անոթների վնասում, հեմորագիկ շոկ: Վահան Հովհաննիսյանն ամուսնացած էր, ուներ 7 եւ 2 տարեկան դուստրեր: