Պահեստազորի փոխգնդապետ Վոլոդյա Ավետիսյանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու՝ Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանի հունվարի 13-ի որոշումը բողոքարկել են Վերաքննիչ դատարան: Այս մասին NEWS.am-ին ասաց Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանը:

Նա նշեց, որ դեռ իրեն չեն հայտնել նիստի օրը, բայց, ամենայն հավանականությամբ, այն տեղի կունենա այս շաբաթվա ընթացքում: Փաստաբանը նշեց, որ տեսակցում է Վոլոդյա Ավետիսյանին, նրա վիճակը նորմալ է: Նա հավելեց, որ մինչ օրս իր պաշտպանյալի հետ որեւէ գործողություն չի արվել, ոչ առերեսում, ոչ էլ հարցաքննություններ:

Հիշեցնենք, որ հունվարի 13-ի դատարանի որոշմամբ` պահեստազորի փոխգնդապետի խափանման միջոց կալանքը երկարացվել է արդեն երկրորդ անգամ:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Արտուշի Ավետիսյանը ձերբակալվել է սեպտեմբերի 20-ին խարդախության կասկածանքով: ՀՀ ՊՆ Քննչական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ նա մեղադրվում է «քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով Զաքարյանից խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով 2000 ԱՄՆ դոլար գումար հափշտակելու համար»: Վոլոդյա Ավետիսյանին առաջադրվել է եւս մեկ մեղադրանք՝ խարդախության փորձ կատարելու համար: