Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը արդեն մեկնել է ԱՄն՝ սովորելու նպատակով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:

Առայժմ հայտնի չէ, թե Զարուհի Փոստանջյանի բացակայության ժամանակ ով կկատարի խմբակցության ղեկավարի պարտականությունները: «Թեւան Պողոսյանը այս պահին խմբակցության քարտուղարն է, Ռուբեն Հակոբյանը եւ Ալիկ Արզումանյանը՝ պատգամավորներ»,- նշեց մամուլի խոսնակ: Նա ասաց, որ սպասում են,թե ինչ կորոշի Թեւան Պողոսյանը՝ մանդատը վայր չդնելու եւ խմբակցության ղեկավարի պարտականությունները ստանձնելու առաջարկի շուրջ: Եթե պատգամավորը համաձայնի իր գործընկերների  առաջարկին, հարցը կփակվի, իսկ եթե չհամաձայնի եւ որոշի մանդատը վայր դնել, այդ դեպքում, Հովսեփ Խուրշուդյանի փոխանցմամբ, իրենք կքննարկեն, թե ով է ժամանակավորապես կատարելու «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի պարտականությունները:  Մամուլի խոսնակը, սակայն, տեղյակ չէր՝ Զարուհի Փոստանջյանը ԱՄն-ից մեկնել է Ստրասբուրգ, թե ոչ: 

Հիշեցնենք, որ «Ազգային ժողովի պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի բացակայությունը հանրապետությունից բավական երկար կտեւի՝ հինգ ամիս։ Նա մասնակցելու է Թավթի համալսարանի իրավունքի եւ դիվանագիտության Ֆլեթչերի դպրոցի 5-ամսյա դասընթացներին (Մասաչուսեթսի նահանգ, քաղաք Մեդֆորդ)։ «Ժառանգությունից» հայտնել են, որ առաջարկ է եղել Թեւան Պողոսյանին՝ վերանայել մանդատը վայր դնելու որոշումը եւ ժամանակավոր ստանձնել խմբակցության ղեկավարի պարտականությունները: