Եղվարդ-Երեւան ավտոճանապարհին հոկտեմբերի 20-ին, դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի գործը, փետրվարին կուղարկվի դատարան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց դերասանի փատաբանը՝ Նիկոլայ Բաղդասարյանը: Նա տեղեկացրեց, որ հունվարի 29-ին գործով քննիչի հետ գնալու է «Դատապարտյալների հիվանդանոց», որտեղ գտնվում է դերասանը եւ իրեն են տրամադրվելու գործի նյութերը, որպեսզի ծանոթանա դրանց: Այնուհետեւ գործի նյութերը կուղարկվեն դատախազին, իսկ վերջինիս կողմից հաստատումից հետո էլ՝ դատարան: Նիկոլայ Բաղդասարյանի փոխանցմամբ՝ գործը դատարան կուղարկվի փետրվարին: Փաստաբանը վստահեցրեց, որ այս նագամ նիստերը կլինեն դռնբաց:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել էին BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Վարդան Պետրոսյանը կալանավորված է, Վերաքննիչ դատարանը մերժել էր փոխել նրա խափանման միջոցը: Դրանից հետո նշանակված նոր քննիչը՝ Դավիթ Մարտիրոսյանը, դիմել էր Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ դերասանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը երկու ամսով երկարացնելու համար, ինչը բավարարվել է: