Ստրասբուրգում այսօր՝ հունվարի 27-ին, քիչ առաջ մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստը, որտեղ առաջնահերթ քննարկվել է ազգային պատվիրակությունների լիազորությունների հաստատման հարցը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

Թեեւ վերջին շրջանում լրատվամիջոցներում անընդհատ տեղեկություններ էին շրջանառվում, որ Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությամբ 10 պատգամավոր այսօր նիստի մեկնարկին պետք է վիճարկեն հայկական պատվիրակության լիազորությունների հարցը, բայց, Նաիրա Զոհրաբյանի փոխանցմամբ, ոչ միայն տասը, այլ մեկ պատգամավոր ոտքի չկանգնեց եւ չվիճարկեց հայկական պատվիրակության մանդատի հարցը:

Ի դեպ, Նաիրա Զոհրաբյանի փոխանցմամբ, թեեւ ԵԽԽՎ հայկական պատվիրակության նախկին անդամ Զարուհի Փոստանջյանը հրավեր ուներ իր խմբի կողմից մանսկացելու նիստին, բայց նա Ստրասբուրգ չի մեկնել:

Հիշեցնենք, ԵԽԽՎ ամենամեծ  խմբակցությունը, որի անդամ է Փոստանջյանը, նրան հրավիրել էր Ստրասբուրգ, սակայն ֆինանսական ծախսերը  չէր հոգացել։ Լրատվամիջոցները գրել էին, որ նա ԱՄՆ-ից Ֆրանսիա մեկնելու համար գումար գտնելու հարցով դիմել էր Հովիկ Աբրահամյանին, սակայն վերջինս մերժել էր: