Ստրասբուրգում այսօր՝ հունվարի 27-ին, ընթանում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահի ընտրությունը, Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Նա նշեց, որ առաջին անգամ խախտվել է քաղաքական պայմանավորվածությունը, եւ մեկից ավելի թեկնածու է առաջադրվել նախագահի պաշտոնին։ «Վեհաժողովի նախագահի պաշտոնին հավակնում է երկու թեկնածու, դա նշանակում է, որ բավականին ակտիվ ընտրություն է  լինելու, այս պահին դեռ ընտրության առաջին փուլն է։ Կարծում եմ, որ այսօր ողջ օրվա ընթացքում կլինի ԵԽԽՎ նախագահի ընտրությունը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Նա նշեց, որ ԵԽԽՎ  օրակարգը փոփոխության կենթարկվի՝ կախված, թե երբ կավարտվի ԵԽԽՎ նախագահի ընտրությունը։ Հայաստանին վերաբերող հարց օրակարգում չկա, բայց, Նաիրա  Զոհրաբյանի փոխանցմամբ, բազմաթիվ զեկույցներ կան, օրինակ՝ Եվրոպայում ռասիզմ եւ անհանդուրժողականություն տարածող ելույթներ, ինտերնետի միջոցով ապատեղեկատվություն, հակաքարոզչություն տարածելը։ «Բազմաթիվ կարեւոր զեկուցյներ կան, որոնց կոնտեքստում մենք անպայման կբարձրացնենք մեր արտաքին քաղաքական հետաքրքրության վերաբերող հարցերը»,- ասաց ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամը։

Նշենք, որ ավանադաբար քաղաքական խմբերի միջեւ պայմանավորվածության համաձայն երկու խմբերից մեկի ներկայացուցիչը դառնում  է ԵԽԽՎ նախագահ։ Այս անգամ, թեեւ հերթը Լիբերալ-դեմոկրատների խմբինն էր, սակայն շատ անսպասելի կերպով իր թեկնածությունն  է առաջադրել նաեւ եվրոպական դեմոկրատների խմբի նախագահը։

Նշենք, որ ԵԽԽՎ նախագահի պաշտոնին հավակնում են Ռոբերտ Վալտերը (Մեծ Բրիտանիա) եւ Ան Բրասորը (Լյուքսեմբուրգ):