Ֆրանսիական Վալանս քաղաքում հայ համայնքը հունվարի 26-ին հայակական Սուրբ Սահակ եկեղեցում Լեռնային Ղարաբաղում հերոսաբար զոհված սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հիշատակիննհ հոգեհանգստի արարողություն է տեղի ունեցել: Այդ մասին գրում է «Nouvelles d'Arménie»-ն:
Արարողությունից հետո «Արմենիա» միավորման ղեկավար Գրիգոր Ամիրզայանը եկեղեցու բակում խաչքարի առաջ ելույթ է ունեցել՝ պատմելով զինվորի մահվան հանգամանքների մասին: «Մենք պետք է միասնական լինենք մեր երիտասարդ զինվորների հետ, ովքեր օր ու գիշեր արիությամբ պաշտպանում են Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի սահմանները: Մենք ցանկանում ենք հարգել այդ երիտասարդ զինվորի հիշատակը, ով զոհեց ինքն իրեն ընկերների կյանքը փրկելու համար եւ ով մինչեւ մահը քաջությամբ պայքարեց ադրբեջանցիների դեմ՝ պատասխանելով նրանց հարձակմանը: Եվ եթե անգամ ադրբեջանցիների զոհերն ավելի շատ են, Արմեն Հովհաննիսյանի մահը ցավ է պատճառում: Այս քայլով մենք մեր ցավակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին, ընկերներին, զինակիցներին, ովքեր առանձնանում են իրենց քաջությամբ»,- ասել է նա:
Այնուհետեւ «Դրոմ եւ Արդեշ դեպարտամենտների ծագումով հայ ֆրանսիացի վետերաններ» կազմակերպության ղեկավար Ժործ Էրեցյանը, «Արմենիա» միավորման ղեկավար Գրիգոր Ամիրզայանը, Վալանսում Ֆրանսիայի հայերի ֆրանսիական մշակութային միության ներակայցուցիչ Զարմիկ Նուրիսյանը եւ Ուրֆայի հայերի միության ղեկավար Գեւորգ Ռաստ-Կլանը հայկական եկեղեցու առջեւ գտնվող խաչքարի մոտ ծաղկեպսակ են դրել:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերը հունվարի 20-ի գիշերը դիվերսիայի միաժամանակ երկու փորձ են կատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ շփման գծում: Ծագած փոխհրաձգության ընթացքում ռազմական առաջադրանքի կատարման ժամանակ հերոսաբար զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:




























