Պատերի տակի փսփսոցները երբեք լավ բանի չեն հանգեցրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ, քաղաքագետ  Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով  Երեւանում կիսագաղտնիության քողի տակ գործող  «Գրիբոյեդով» ակումբին, որի հիմնադիրը Կրեմլի քաղաքականության քարոզչության թիվ 1 հրապարակային դեմքն է՝ հայտնի հեռուստամեկնաբան Դմիտրի Կիսելյովը: Նրա խոսքով՝ ակումբի անդամները քարոզչական ֆոնն ապահովողներն են:

«Նրանք հանրային տրամադրություններում իրենց սեւ գործն անելու հնարավորություն ունեն: Ցավոք բոլորը Հայաստանի անկախության վերջը տալիս են:  Այդ մարդիկ իրենց վրա աշխատում են եւ, եթե մինչեւ հիմա իրենց նախաձեռնությամբ չեն ասել, թե դա ինչ է , ուրեմն դա նշանակում է, որ այդքան էլ ասելու բան չի»,- նշեց Ստյոպա Սաֆարյանը:

Դիտարկմանը, թե նրանց փոխանցմամբ՝ քաղաքական հարցեր չեն քննարկվում, Սաֆարյանն արձագանքեց. «Դե Շուշան Պետրոսյանը հավանաբար Կիսիլյովի հետ Կոմիտաս է լսում, հա՞: Ակնհայտորեն ստորագույն վիճակներում են դրել Հայաստանին: Մի կողմից էլ այն մարդկանց, ում հրավիրում են, նրանք Հայաստանում առանձնապես մեծ բան չեն որոշում եւ այս առումով  հանգիստ եմ»:

Ավելի վաղ «Հայկական ժամանակ» գրել էր. «Տեւական ժամանակ է, Երեւանում կիսագաղտնիության քողի տակ գործում է «Գրիբոյեդով» ակումբը, որի հիմնադիրը Կրեմլի քաղաքականության քարոզչության թիվ 1 հրապարակային դեմքն է՝ հայտնի հեռուստամեկնաբան Դմիտրի Կիսելյովը: Իսկ «Գրիբոյեդով» ակումբի հավաքները տեղի են ունենում ամիսը մեկ անգամ, երեւանյան տարբեր էլիտար ռեստորաններում, որոնք հավաքների ժամանակ փակվում են։ Այդ հավաքներին մասնակցելու համար ամեն ամիս Հայաստան է ժամանում անձամբ Դմիտրի Կիսելյովը, ով էլ յուրաքանչյուր անգամ մեծ-մեծ հաշիվներ է փակում էլիտար այդ ռեստորաններում ակումբի մասնակիցների ընթրիքից հետո։ Ընթրիքներն ընթանում են հարցուպատասխանի ֆորմատով, տեղացիների հարցերին պատասխանում են ՌԴ-ից հրավիրված հյուրերը, որոնք փոփոխվում են»,- ասված էր հրապարկման մեջ:Իսկ ակումբի հրավիրյալների ցանկում եղել են  Վազգեն Մանուկյանն է, Արմեն Մազմանյանը, Տիգրան Լիլոյանը՝ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, էդվարդ Սանդոյանը, Կարինե Գեւորգյանը, ով աշխատում է Մոսկվայի Արեւելագիտության ինստիտուտում, ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Արա Թադեւոսյանը՝ «Մեդիամաքս», Շուշանիկ Արեւշատյանը, Եգոր Գլումովը, Շուշան Պետրոսյանը: