Հայոց բանակի ձեւավորումը ճակատագրի բերումով ընթացավ պատմական մեր հայրենիքի մաս կազմող Արցախ աշխարհի ազատագրման համար մղվող մարտական գործողություններին զուգահեռ եւ թերեւս նաեւ դա է պատճառը, որ հաղթանակած մեր բանակն այսօր տարածաշրջանի ամենամարտունակ բանակի պատվաբեր համարումն ունի, իսկ նրա տոնը՝ մեր ժողովրդի ամենանվիրական տոներից մեկն է: Այս մասին ասված է Երեւանի քաղաքապետ։ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձում՝ նվիրված բանակի 22-ամյակին:

Ուղերձում նաեւ ասվում է.

«Բանակի կայացումն, անշուշտ, մեր անկախ պետության ամենանշանակալի ձեռքբերումներից մեկն է, որի բոլոր օղակների շնորհիվ է՝ լինի շարքային զինվոր թե հրամանատար,  որ այսօր կայուն իրավիճակ ու խաղաղություն է ոչ միայն մեր երկրում , այլեւ ողջ տարածաշրջանում: Եվ փառք ու պատիվ բոլոր ազատամարտիկներին, որ իրենց անշահախնդիր լուման բերեցին Հայոց բանակի կայացման գործում: Փառք նաեւ բոլոր այն նվիրյալների, ովքեր անձնվիրաբար մարտնչեցին ու կյանքի գնով վերանվաճեցին թե' մեր պատմական հայրենիքի մի մասը, եւ թե' Հայոց հաղթական բանակի համբավը։

Սիրելի զինվորներ, պարոնայք սպաներ,

Ձեզ էլ շնորհավորելով մաղթում եմ, որ ռազմական ձեր գիտելիքներն ու կարողությունները հնարավորինս ցուցաբերեք միայն զորավարժությունների ժամանակ՝ խաղաղ ու անամպ երկնքի ներքո: Քաջառողջություն, ուժ ու կորով ձեզ՝ հանուն հայրենիքի եւ մեր ժողովրդի անվտանգության ու բարօրության գիշեր ու զօր տարվող ձեր պատասխանատու եւ պատվաբեր ծառայության գործում»: