Շիրակի մարզի Աշոցք գյուղում՝  քիչ առաջ երեք հարկանի շենքի մուտքում  պայթյուն է տեղի  ունեցել եւ 4 հոգի այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Աշոցք գյուղի գյուղապետ Արթուր Ալոյանը:

Նրա խոսքով, տուժողներից երեքն անչափահաս երեխաներ են, իսկ մյուսը տարեց տղամարդ: Բայց բարեբախտաբար նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Խոսելով պայթյունի պատճառների մասին՝ գյուղապետն ասաց, որ այն հաստատ գազից չի առաջացել: «Պայթյունը վառարանից է առաջացել, բայց չգիտեն, թե ինչը կարող էր պայթյունի պատճառ դառնալ: Իրավապահները դեպքի վայրում էին եւ դեռ ճշտում են: Բայց հիմնականում տուժել են դուռ-դռան հարեւանները»,- ասաց գյուղապետը:

ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել բնակարանում. փլուզվել է հյուրասենյակի պատը (մոտ 8 քմ) եւ կոտրվել է 2 պատուհան: 3 երեխա եւ նրանց հայրը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշոցքի ԲԿ:

Բժիշկների կողմից տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: