Նախագահ Սերժ Սարգսյանը, Չեխիայի Հանրապետության Նախագահ Միլոշ Զեմանի հրավերով, այսօր պետական այցով կմեկնի Չեխիայի Հանրապետություն: Պրահայում Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա Նախագահ Զեմանի հետ:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե երկու երկրների նախագահների առանձնազրույցին կհաջորդեն ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց ավարտին նախատեսվում են մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողությունը եւ բանակցությունների արդյունքների վերաբերյալ նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Միլոշ Զեմանի համատեղ մամուլի ասուլիսը: Հայաստանի եւ Չեխիայի նախագահները կմասնակցեն նաեւ հայ-չեխական գործարար համաժողովին:
Պետական այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա Չեխիայի սենատի նախագահ Միլան Շտեխի, վարչապետ Բոհուսլավ Սոբոտկայի, խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի, Պրահայի քաղաքապետ Տոմաշ Հուդեչեկի, Չեխիայի հոգեւոր առաջնորդ, Պրահայի Կարդինալ-արքեպիսկոպոս Դոմինիկ Կարդինալ Դուկայի հետ:
Հանրապետության նախագահը հանդիպում կունենա նաեւ Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:



























