ԿԽՄԿ ներկայացուցչներն առայժմ չեն կարողացել այցելել ադրբեջանական կողմում հայտնված ՀՀ քաղաքացի Մամիկոն Խոջոյանին:
Ինչպես NEWS.am-ի թղթակցին էր հաղորդել ԿԽՄԿ երեւանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, հենց Բաքվի ԿԽՄԿ ներկայացուցչությունն Ադրբեջանի իշխանությունների կողմից պաշտոնական ծանուցում է ստացել Հայաստանի քաղաքացու ձերբակալության մասին, պատվիրակությունը քայլեր է ձեռնարկում, որպեսզի հնարավորինս շուտ այցելի գերուն: «Մենք մեր հերթին մշտապես կապի մեջ ենք Բաքվի մեր գործընկերների հետ»,-ընդգծել է Ամատունին, հավելելով, որ առայժմ ԿԽՄԿ ներկայացուցիչներին չի հաջողվել այցելել Խոջոյանին:
Մամիկոն Խոջոյանը Հայաստանի Տավուշի մարզի բնակիչ է: Նա նախօրեին գերի էր ընկել: Որոշ տվյալների համաձայն՝ տղամարդը մոլորվել էր:
Հատկանշական է ադրբեջանական պետական մարմինների հաղորդագրություններում առկա դիսոնանսը: Գերիների հարցերով պետական կոմիտեի վարկածով՝ նա քաղաքացիական անձ է: Սակայն Ադրբեջանի ՊՆ-ն այլ տեսակետի է հարում՝ համարելով որ տարեց մարդը «դիվերսիոն խմբի առաջնորդ է»:




























