Ռուսաստանը չի վերանայի Ուկրաինային տրվող վարկի պայմանները, եթե անգամ երկրում ընդդիմությունը գա իշխանության, Բրյուսելում կայացած Ռուսաստան-ԵՄ գագաթաժողովում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Լրագրողների հարցին, թե արդյոք ուժի մեջ կմնա Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ Կիեւին 15 մլրդ դոլարի վարկ հատկացնելու մասին պայմանագիրը, եթե Ուկրաինայում իշխանության գա ընդդիմությունը, Պուտինը նշել է, որ վարկը ոչ թե Ուկրաինայի կառավարությանը, այլ ժողովրդին է տրվում:
Ըստ նախագահի՝ վարկն ու ինքնիշխանությունը տարբեր բաներ են: Մոսկվան Ուկրաինայի ներքին գործերին չի միջամտի:
«Կարծում եմ՝ ուկրաինացի ժողովուրդն ի վիճակի է ինքնուրույն գլուխ հանել: Ամեն դեպքում, Ռուսաստանը երբեք չի միջամտի», – ասել է Պուտինը:
Պատասխանելով Ուկրաինայի հակամարտությունում Ռուսաստանի միջնորդական դերի մասին հարցին՝ նա նշել է, որ Կիեւը հազիվ թե միջնորդության կարիք ունի:
«Որքան շատ միջնորդ, այնքան շատ խնդիրներ», –հավելել է նախագահը՝ ակնարկելով Շվեյցարիայի միջնորդական դերը: Ի դեպ, ավելի վաղ Մոսկվան հայտարարել էր, որ պատրաստ է հանդես գալ միջնորդի դերում՝ հակամարտությանը վերջ դնելու նպատակով:
Ուկրաինան ինքը պետք է որոշի՝ ինչն է ձեռնտու, ինչը՝ ոչ, նշել է Պուտինը: Ռուսաստանը եւս վարկ տրամադրելիս պրագմատիկ նկատառումներով է գործել՝ աշխատելով քաղաքական տարբեր ուժերի հետ, բացատրել է նա ու նաեւ նշել 2009թ. կնքված գազային պայմանագրերի օրինակը, երբ կառավարության ղեկավարն էր Յուլյա Տիմոշենկոն, ով այժմ պատիժ է կրում լիազորությունների վերազանցման համար:
Իր հերթին առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը մամուլի ասուլիսից հետո հստակեցրել է, թե որ պայմանների դեպքում Մոսկվան կդադարեցնի Կիեւին ֆինանսական աջակցություն ցույց տալը: Ըստ նրա՝ դա տեղի կունենա այն դեպքում, եթե Կիեւը ռուսական արդյունաբերության հետ փոխգործակցության ցանկություն հայտնի, հայտնում է gazeta.ru-ն:



























