Ռոբերտ Քոչարյանն ընդդիմություն է Սերժ Սարգսյանի համար, որովհետև ցանկանում է նրա հրաժարականը: Այս մասին այսօր` հունվարի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայազն» կուսակցության անդամ Արմեն Աղայանը:

«Հայաստանում ընդդիմություն կարելի է համարել ԲՀԿ-ին, որի թիկունքում կանգնած է Ռոբերտ Քոչարյանը, որը ցանկանում է խլել ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնը»,- ասաց Արմեն Աղայանը:

Նրա խոսքով` Հայաստանում ընդդիմությունը շատ խայտաբղետ է: Մեծ ուժ են կազմում եվրոպամետ ընդդիմադիր կուսակցությունները:

«Այսօր ընդդիմություն պետք է համարել այն ուժերին, որոնք փորձում են Հայաստանն ազատել ռուսների ճիրաններից եւ տալ եվրոպական կառույցներին: Նույն Լեւոն Տեր-Պետրոսյանը, Րաֆֆին Հովհաննիսյանը, որ իշխանություններին ասում են` դուք չեք կարողանում մեզ տանել Եվրամիություն, մենք կանենք դա»,- ասաց Արմեն Աղայանը: