Ապրիլի 14-ին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման ընթացքին նվիրված հերթական զեկույցում կրկին անդրադարձել է «Ա1+»-ի խնդրին: «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) մերժումով` ապօրինի միջամտություն է տեղի ունեցել եւ խոչընդոտվել է հայցվորի խոսքի ազատության իրավունքը»,- ասված է զեկույցում: Նախարարների կոմիտեն մատնանշել է 2002 եւ 2003 թվականներին կայացած կապուղիների 7 մրցույթները: «Օրենքի դրույթների համաձայն` ՀՌԱՀ-ը կարող էր չհիմնավորել մերժման պատճառները: Արդյունքում` համակարգը համապատասխան երաշխիքներ չապահովեց, ինչը թույլ կտար խուսափել կամայականություններից», — արձանագրում է Նախարարների կոմիտեն` ընդգծելով, որ այս հանգամանքը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում էր:

Այս կապակցությամբ «Ա1+»-ը հանդես է եկել հայտարարությամբ որտեղ նշում է, որ իրենք պահանջում են անվավեր ճանաչել ՀՌԱՀ-ի 7 որոշումները եւ կապուղի տրամադրել «Ա1+»-ին, այնինչ կառավարությունը ԵԽ Նախարարների կոմիտեին առաջարկում է միայն նոր մրցույթի անցկացման գաղափարը, որով սակայն չի ապահովվում հեռուստաընկերության համար այն նույն պայմանները, ինչ գոյություն ունեին 2003թ. մրցույթների ընթացքում:

«Մենք գտնում ենք, որ եթե խոսքը վերաբերում է նոր մրցույթի անցկացմանը, ապա դա պետք է արվի նախկին մրցույթների ընթացքում ՀՌԱՀ-ի կողմից գնահատված մրցույթային փաթեթների վերագնահատումով. այսինքն՝ վերանայումով: Այսինքն ՀՌԱՀ-ը պետք է վերանայի իր որոշումները և վերագնահատի մրցակիցների մրցույթային փաթեթները և կայացնի որոշում, սակայն այս անգամ պատճառաբանելով այնպես, ինչպես պահանջվում է ներկայիս ներպետական օրենսդրությամբ և ԵԽ չափանիշներով, քանի որ հենց չպատճառաբանելն էր կասկածի տակ դրել մրցույթների օրինականության հարցը և հենց չպատճառաբանելն էր հանգեցրել իրավունքի խախտման փաստի ճանաչմանը ՄԻԵԴ-ի կողմից:

Սակայն ՀՀ կառավարությունը, որպես պատասխանող կողմ, ոչ միայն չի առաջարկել նման արդյունավետ միջոց, այլ նաև Նախարների կոմիտեին վերջին նիստում հայտարարել է, որ բացի նոր մրցույթի անցկացումից, ցանկացած այլ միջոց անհնարին է կիրառել, քանի որ դա կհանգեցնի այնպիսի իրավիճակի, որի դեպքում կխախտվեն երրորդ անձանց շահերը:

Նման մոտեցումը չի բխում իրավունքի գերակայության հիմնարար սկզբունքից: Նման մոտեցումով իրավունքի գերակայության սկզբունքը ստորադասվում է երրորդ անձի շահերին: Եթե նման տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա ՀՀ դատարաններում պետք է կարճվեն բոլոր այն գործերը, որոնցում ներգրավված են նաև երրորդ կողմերը, քանի որ հայցվորների խախտված իրավունքները վերականգնելիս կարող են խախտվել նաև երրորդ կողմի իրավունքները: Մինչդեռ, մինչ այժմ ոչ մեկի մտքով չի անցել նման դատավարություններն արգելել, քանի որ գերակայում է իրավունքը և օրենքը` անկախ որևէ կողմի շահերից»,- ասված է հայտարարության մեջ: