Շիրակի մարզի Ախուրյան գյուղում վիզը կտրած վիճակում հայտնաբերված ծնողները մի քանի օր առաջ ամուսնացրել էին որդուն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ախուրյանի գյուղապետ Արծրունի Իգիթյանը:
Գարեգին Հակոբյանը եւ Մանուշակը ունեին երկու որդի, նրանցից մեկը ամուսնացած է, իսկ մյուսին մի քանի օր առաջ են ամուսնացրել; Դեպքի ժամանակ նորապսակները գնացել էին հարեւան գյուղ՝ ծնողատես: Հայր եւ որդի զբաղվում էին կոշկակարությամբ, մայրը տնային տնտեսուհի էր: «Դուռը փակ է եղել, խառնվել են իրար: Պատուհանը բացել են, տեսել են, որ երկուսն էլ սպանված են, կողքն էլ մեծ դանակ է եղել»,- ասաց Արծրունի Իգիթյանը:
Նա նշեց, որ սովորական, նորմալ ընտանիք էր, «աչքի ընկնող չեն եղել, չափի մեջ, լուռ, երբեք կռիվների, վեճերի մեջ չեն եղել, անշառ մարդիկ են»: Գյուղապետն ասաց, որ բոլորի համար հանելուկ է, թե ինչու պետք է նրանց սպանեին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 29-ին զարհուրելի սպանություն է տեղի ունեցել Ախուրյանում: Պարույր Սեւակի 4 փողոցի տներից մեկում որդին ծնողներին հայտնաբերել է դանակահարված վիճակում: Սպանված կինը 49 տարեկան Մանուշակն է, իսկ տղամարդը՝ 52-ամյա Գարեգին Հակոբյանը:Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով:



























