Ոստիկանությունը նոր մանրամասներ է հաղորդել Ախուրյանում տեղի ունեցած ընտանեկան ողբերգությունից:  Մասնավորապես, հունվարի 29-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի եւ հայտնել, որ եղբայրը` 52-ամյա Գարեգին Հակոբյանը, եւ նրա կինը`48-ամյա Մանիշակ Հակոբյանը, Ախուրյան գյուղի իրենց տանը սպանել են միմյանց:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է ամուսինների դիակները` պարանոցները կտրված վիճակում:

Ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 29-ին զարհուրելի սպանություն է տեղի ունեցել Ախուրյանում: Պարույր Սեւակի 4 փողոցի տներից մեկում որդին ծնողներին հայտնաբերել է դանակահարված վիճակում: Սպանված կինը 49 տարեկան Մանուշակն է, իսկ տղամարդը՝ 52-ամյա Գարեգին Հակոբյանը:Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով: