Դուբայի Նաիֆ թաղամասում հայկական մաֆիայի կողմից ադամանդի մշակմամբ զբաղվող հնդկական առաջատար ընկերության իրացման ծառայության աշխատակցի սպանության մասին լուրը ցնցել է Մումբաի եւ Սուրատա քաղաքներում թանկարժեք քարերի առեւտրով զբաղվող հնդիկ առեւտրականներին:

Ինչպես գրում է «The Times of India»-ն, այդ նորությունը ցնցել է հատկապես այն ընկերություններին, որոնք ներկայացուցչություն ունեն Դուբայում, քանի որ մտածել են, որ Դուբայն ավելի անվտանգ վայր է, քան Անդվերպենը, որտեղ վերջին ժամանակներս ադամանդների գողության մի շարք դեպքեր են գրանցվել:

Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը, ոսկու շուկայում: «Colour Source» ընկերության իրացման ծառայության աշխատակցին մահացած են գտել շուկայի զուգարանում: Նա Դուբայում էր բնակվում իր հղի կնոջ հետ:

Թերթի տվյալներով՝ տղամարդուն խեղդել են հայկական մաֆիայի անդամները: Աղբյուրները նշել են, որ աշխատակիցը գործարք էր կնքում երկու օտարերկրացի հաճախորդների հետ եւ որ անհետացել էին մոտ 1,3 մլն դոլարի ադամանդներ: