Առաջիկայում Հայաստանում կստեղծվի ազատամարտիկների միություն, որը կընդգրկի Հանրապետության բոլոր մարզերը եւ որն իր առջեւ դնելու է իշխանափոխության նպատակ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է արցախյան ազատամարտի մասնակից, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը:
Նրա խոսքով՝ միության մեջ ընդգրկվելու են այն ազատամարտիկները, ովքեր պատերազմում ներդրում են ունեցել եւ ովքեր՝ «ճիշտ մտածելու հետեւանքով դուրս են մնացել Հայաստանում գործող վետերանների տարբեր միություններից»:
«Ուզում ենք բոլոր ազատամարտիկներին համախմբենք, որովհետեւ ինչ-որ տեղ մենք մեծ գործ ենք արել ռազմական գործողությունների ժամանակ եւ այսօր պիտի այսպիսի բարձիթողի վիճակի չլինի: Այդ տղաները իրենց կարծիքը, իրենց տեսակետը պիտի թողնեն վաղվա օրվա համար: Մեզ բոլորիս կարողացել են այս տարիների ընթացքում մասնատել որ իշխեն, իշխել են, բայց այսօր մենք ուզում ենք համախմբվել, մեր խոսքն ասել», - ասել է նա:
Սասուն Միքայելյանը նշեց, որ ստեղծվելիք միության համար հիմք է դառնալու նաեւ անցած տարի բողոքի դուրս եկած ազատամարտիկների, վետերանների ձեւավորած կառույցը՝ Դաշտային հրամանատարների ռազմական խորհուրդը․«Մենք մեր տեսակը, ձեւը ունենք այս տարիների ընթացքում պետության, պետականության, մեր անկախության կայացման համար: Մենք պետք է համախմբվենք թույլ չտանք, որ այս անօրինությունը շարունակվի, խորանա, այս արտագաղթը ավելի մեծ չափանիշների հասնի»:
Սասուն Միքայելյանը հանդիսանում է նաեւ վերջերս ստեղծված «Քաղաքացիական պայմանագիր» միավորման անդամ: Միավորման անդամ են նաեւ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը եւ հանրությանը հայտնի բազմաթիվ քաղաքացիական ակտիվիստներ: Միքայելյանը ընդգծեց, որ ստեղծվելիք ազատամարտիկների միությունը կապ չունի նշված միավորման ու որեւէ կուսակցության հետ, սակայն միաժամանակ նա հնարավոր համարեց, որ միությունը կհամագործակցի քաղաքական ուժերի հետ:
«Ընթացքում կտեսնենք ո՞ր քաղաքական ուժն է իրոք պայքարում այս ժողովրդի, պետության համար՝ մենք կանգնելու ենք նրանց կողքին: Չենք ուզում, որ որոշ քաղաքական ուժեր ժողովրդին հերթական անգամ բերեն ու թողնեն փողոցում»,- նշել է Միքայելյանը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:



























