«Լիլի» ռեստորանի եւ հարսանյաց սրահի սեփականատեր 48-ամյա Գրիգոր Խաչատրյանի սպանության լուրը ցնցել է նրան ճանաչողներին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում գործարարին ճանաչողները նրան բնութագրեցին որպես շատ բարի, լավ մարդ, ընտանիքին նվիրված հայր, հիանալի ղեկավար:
Նրան ճանաչողները մեզ հետ զրույցում հայտնեցին, որ Գրիգոր Խաչատրյանը թշնամիներ չի ունեցել եւ երբեւէ չեն լսել, որ հայտնվի պատմությունների կենտրոնում: Մենք տեղեկացանք նաեւ, որ գործարարը Այնթափ գյուղից է, ամուսնացած է, ունի երկու աղջիկ եւ մեկ որդի:
Սպանությունից հետո անմիջապես դեպքի վայր են ժամանել մարզի բարձրաստիճան ոստիկանները, դատախազը, սակայն մինչեւ ուշ երեկո դեռ կասկածյալների մոտավոր շրջանակ չկար:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ Խարբերդի ճանապարհին գտնվող «Լիլի» ռեստորանի սեփականատեր Գրիգոր Խաչատրյանը մահացել է ստացած հրազենային վնասվածքից: NEWS.am-ի թղթակցին ոստիկանությունից հայտնել էին, որ Գրիգոր Խաչատրյանը հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Մասիսի» հիվանդանոց, որտեղ եւ մահացել է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 104-րդ (սպանություն) եւ 235-րդ (ապօրինի զենք պահելը) հոդվածի հատկանիշներով:




























