Գյումրիում նախկին եւ ներկա քաղաքապետերի միջեւ տեղի ունեցած վերջին զարգացումները նույնիսկ միջադեպ չի կարելի համարել: Այս մասին, այսօր` հունվարի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:
Նա ներողություն խնդրեց եւ ասաց, որ չի ցանկանում անդրադառնալ դրան, քանի որ գյումրեցիները ապրում են իրենց բնականոն կյանքով եւ աշխատում են:
Ասուլիսին հրավիրված ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանն էլ հետեւյալ կերպ արձագանքեց նույն թեմային. «Փառքդ մեծ տեր Աստված, որ Գյումրիում աշխատատեղեր կան ու մարդիկ գնում են աշխատանքի: Անցյալ տարի լրտեսական խմբերն ասացին, որ 74 գյումրեցի է մնացել Գյումրիում, իսկ 74-ն էլ աշխատանք չլինելու պատճառով հեռացել են Գյումրից»:
Խոսելով բուն միջադեպի մասին, Եղիազարյանն ասաց, որ խոսքը շարքային երկու խուլիգանի մասին չէ, այլ նախկին եւ գործող քաղաքապետերի մասին: «Ես այն կարծիքին եմ, որ եթե սա պետություն է, պետք է հանրային քննարկման չդրվի եւ ոչ ոքի վերապահված չէ ասել, որ տղայական մակարդակով պետք է լուծվի հարցը: Դրա համար կա ոստիկանություն եւ օրենք: Սա համարում եմ մարդկանց ուշադրությունը բուն խնդիրներից շեղելու միջոց: Սպարտակը ուր գնաց, ինչի ջանդամվեց, ուր գնաց ուր եկավ, ոչ մեկին պետք չէ: Այսօր Գյումրին ունի հազարավոր խնդիրներ, մարդիկ որդնած տնակների մեջ են ապրում, աշխատանք չունեն, լքում են երկիրը»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը՝ հավելելով, որ կոֆլիկտը սկիզբ է առել նրանից, որ Վարդան Ղուկասյանը գարեջրի գործարանը խորհրդանշական գնով տվել է Սամվել Բալասանյանին եւ այս կոնֆլիկները շարունակական են լինելու:
Հիշեցնենք, որ հունվարի 21-ին՝ երեկոյան ժամը 20.00-ի սահմաններում, Սպարտակ Ղուկասյանը՝ հարբած վիճակում, մի խումբ ընկերների հետ, երկու մեքենայով գնացել է Սամվել Բալասանյանի տուն ու հերթական «դեբոշը» սարքել: Գյումրիի նախկին քաղաքապետի որդին եւ նրա ընկերները գոռգռացել են, հայհոյել Բալասանյանին, սպառնացել, թե «խփել կտանք»: Տարածքի բնակիչները վախից փակել են դռները եւ հեռացել, իսկ Գյումրիի քաղաքապետը տանը չի եղել, նա այդ ժամանակ ԱՄՆ-ից վերադառնում էր Հայաստան: Բալասանյանի ընտանիքի անդամները որեւէ կերպ չեն արձագանքել Սպարտակ Ղուկասյանի հերթական «ներկայացմանը»: NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ այս ամենը տեսագրել էին տարածքի տեսախցիկները, եւ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը այս անգամ վճռական է տրամադրված, տեսախցիկների ձայնագրությունը տրամադրվելու է իրավապահներին, ավելի ուշ դրանք արդեն հայտնվել են համացանցում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, այն պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչև մեկ ամիս ժամկետով:




























