Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսման հավանականությունը բավական նվազել է: Այս մասին, այսօր՝ հունվարի 30-ին, մամուլի ասուլիսում նշեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի ղեկավար Գագիկ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը գտնվում է անկայուն իրավիճակում, որը պայմանավորված է նրանով, որ Թուրքիան շատ լուրջ խնդիրներ ունի Մերձավոր Արեւելքում՝ Սիրիայի խնդրի հետ կապված:
«Այսօր աշխարհը բազմաբեւեռ է դարձել, հիմա բոլոր գործընթացները դինամիկ են զարգանում: Մենք պետք է առավել հիմնավորված կերպով պաշտպանենք մեր ազգային շահերը»,-ասաց Հարությունյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ ադրբեջանական ագրեսիան Հայաստանի անվտանգության համար մնում է առաջին սպառնալիքը, եւ ռուսական ռազմակայանը այն գործոնն է, որը զսպում է Բաքվին:
Հայաստանի եւ Ռուսաստանի շահերը, քաղաքագետի համոզմամբ, համընկնում են: «Ռուսաստանն իրականում հրեշտակ չէ, բայց մի երկիր է, որը իր շահերն է տեսնում մեր տարածաշրջանում»,-ասաց նա:




























