Բանակը չի օգտագործվի հանրահավաքները ցրելու համար: Այս մասին, այսօր՝ հունվարի 30-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ մեկնաբանելով ՀԱԿ խմբակցության պատգամավորների օրենսդրական նախաձեռնությանը բացասական եզրակացություն տալու փաստը:

Օրինագիծը առաջարկում է թույլ տալ Զինված ուժերի օգտագործումը արտակարգ դրության պայմաններում միայն ծայրահեղ դեպքերում, առանց զենք-զինամթերքի:

Նախարարը նշեց, որ կառավարությունը բազմիցս պարզաբանումներ է ներկայացրել այդ խնդրի վերաբերյալ: «Բանակը կարող է օգտագործվել արտակարգ դրության պայմաններում, բայց հանրահավաքները չի ցրի: «Պետք չի իրար խառնել հասկացությունները. Արտակարգ դրությունը շատ ավելի լուրջ եւ ծանր է, քան հանրահավաքը: Աստված չանի, որպեսզի Հայաստանը ստիպված լինի արտակարգ դրություն սահմանել»,-ասաց նախարարը: