Հայաստանի կառավարությունը ցանկանում է Իրանից ու Վրաստանից ինտերնետ-թրաֆիքի տրանզիտորներին ազատել ԱԱՀ-ից: «Ավելացված հարկի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծն արտոնվել է կառավարության այսօրվա նիստի ժամանակ:
Ինչպես նախագիծը ներկայացնելով նշել է էկոնոմիկայի առաջին փոխնախարար Կարինե Մինասյանը, ներկայումս Հայաստանում գործում են տրանզիտային օպտիկա-մանրաթելային մալուխներ, որոնք թրաֆիքը փոխանցում են Վրաստանից ու Իրանից: Հայաստանի կառավարությունը հեռահաղորդակցությունը երկրի տնտեսության զարգացման համար կարեւոր գործոն է համարում, բացի այդ, ինտերնետի տրանզիտը հանրապետության համար ռազմավարական բնույթ է կրում, նշվում է հիմնավորման մեջ:
Ինչպես նշել է ՊԵԿ պետի տեղակալ Վախթանգ Միրումյանը, փաստացի, տրանզիտորները արդեն ազատված են ԱԱՀ-ից, եւ փոփոխությունը միայն դա ֆիքսելու համար է:




























