Երեւանի թիվ 70 հիմնական դպրոցի տնօրեն Հերմինե Շափաղաթյանը, որպես ՊՈԱԿ-ի տնօրեն, «Կոմպյուտերոն» ՍՊԸ-ից գնել է 10 նոթբուք, համակարգիչները ստացել է անձամբ` պարտավորվելով 90-օրյա ժամկետում վճարել գումարը։ Սակայն, հայցվորի ներկայացմամբ, նշված ժամկետում գումարը չի վճարվել, որից հետո կնքվել է լրացուցիչ համաձայնագիր` ժամկետը երկարացնելով մինչեւ 2013թ. հուլիսի 31-ը։

Այս առնչությամբ Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նաեւ նշել է.

«Պատասխանողից հօգուտ հայցվորի կբռնագանձվի 2 999 000 դրամ՝ որպես վաճառված ապրանքի դիմաց չվճարված պարտքի գումար, 209 000 դրամ՝ որպես պարտավորության խախտման համար տույժ եւ եւս 100 000 դրամ՝ փաստաբանի վարձատրության գումար:

Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանն այսօր այս մասին հաղորդում է ուղարկել Երեւանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ մասնավորապես նշելով. «Հաղորդում եմ, որ տնօրենն այդ 10 /տասը/ համակարգիչների գումարը  մինչ օրս չի վճարել, ավելին, ինչպես  անձամբ եմ համոզվել՝ համակարգիչներն էլ դպրոցում  չեն: Դպրոցի ուսուցիչները փաստում են, որ համակարգչային սենյակը մշտապես փակ է:

Խնդրում  եմ  հանցագործության մասին սույն հաղորդումս ընդունել եւ ՀՀ օրենքների  համաձայն  պարզել, թե  ուր են համակարգիչները եւ ինչու պետությունը պետք է վճարի տնօրենի՝ շահադիտական նպատակներով կատարած արկածախնդիր քայլերի վնասների համար»:

Տիկին Բախշյանը ներկայացրել է նաեւ ԴԱՀԿ-ի այն որոշումը, որով վերոնշյալ ՊՈԱԿ-ի հաշվից պետք է բռնագանձվի դպրոցում չեղած համակարգիչների գումարը»: