«Լիլի» ռեստորանի եւ հարսանյաց սրահի սեփականատեր 48-ամյա Գրիգոր Խաչատրյանի սպանության փաստով բերման ենթարկված եւ հարցաքննված անձինք կան, սակայն դեռ կոնկրետ կասկածյալների շրջանակ չկա: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից:
«Այս պահին դեռ ստուգում ենք: Սպանությունը միանշանակ գումարային պարտք ու պահանջի պատճառով չէ: Իսկ վրեժխնդրությունը չի բացառվում: Բերման ենթարկված անձինք կան, բայց նրանք կասկածյալներ չեն»,- փոխանցեցին ոստիկանությունից՝ հավելելով, որ սպանություն կատարողը դեռ չի հայտնաբերվել եւ տարվում են աշխատանքներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ Խարբերդի ճանապարհին գտնվող «Լիլի» ռեստորանի սեփականատեր Գրիգոր Խաչատրյանը մահացել է ստացած հրազենային վնասվածքից: NEWS.am-ի թղթակցին ոստիկանությունից հայտնել էին, որ Գրիգոր Խաչատրյանը հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Մասիսի» հիվանդանոց, որտեղ եւ մահացել է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 104-րդ (սպանություն) եւ 235-րդ (ապօրինի զենք պահելը) հոդվածի հատկանիշներով:



























