Հանցագործ աշխարհում «Թեւոսիկ» կամանունով հայտնի Թեւոս Սաֆարյանը պատերազմի տարիներին հսկայական օգնություն է ցուցաբերել, իսկ բանակին օգնել է մեքենաներով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:

Անդրադառնալով, նրան, թե Թեւոս Սաֆարյանն ինչ ճանապարհով է հարստացել, նա  ասաց. «Երբ Սովետական միությունը փլուզվեց, հնարավորություն եղավ մեծ  տարածքներ ձեռք բերել: Նա  իր ուժով եւ կամային հատկություններով հսկայական տարածքներ ձեռք բերեց եւ սկսեց վաճառել: Թեւոսը  շատ հարուստ մարդ է: Այդ բեսպրիդելի ժամանակ նրան հաջողվեց իր համախոհների եւ հանցավոր կապերի շնորհիվ  ուրիշներից խլածը խլել եւ վերավաճառել»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը:

Հարցին, թե ինչու վերջին տարիներին Թեւոսիկը նախկին ազդեցությունը չուներ իշխանական շրջանակներում, Եղիազարյանը պատասխանեց. «Դա չեմ կարող ասել, բայց գիտեմ, որ նա մի  ժամանակ այս իշխանությունների հետ եղել է շատ ջերմ հարաբերությունների մեջ: Սակայն ավելի ջերմ հարաբերություն ունեցող մարդու հետ խնդիր է առաջացել, որի արդյունքում նա այդ հարաբերություններից զրկվել է: Ինչի համար էլ եղավ այս ամեն ինչը»:

Հարցին, թե վերջին սպանությունն արդյոք պայմանավորված էր այդ երրորդ անձով, նա արձագանքեց. «Հավանական է, որ մարդիկ վախենում էին եւ որպես զգուշացում եղբորը սպանեցին: Եթե նույնիսկ հանցագործությունն էլ բացվի մենք կիմանանք, որ սպանողը  հոգեկան հիվանդ է, որին կուղարկեն բուժման եւ 2 տարի հետո  դուրս կգա: Ինչպես միշտ եղել է: Բայց Թեւոսը այս ամենը այսպես չի թողնի»:

Ավելի վաղ գուրգեն Եղիազարյանը զգուշացրել էր. «Զգույշ եղիր Թեւոսիկ: Այդ ես եմ քեզ զգուշացնում, որովհետեւ մաֆիան անցել է իր ծրագրի կատարմանը եւ մինչեւ վերջ կատարելու է: Ավելին ամեն ինչ անելու են, որ դու կալանավայրից դուրս չգաս»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը: NEWS.am-ը հայտնել էր նաեւ, որ անհայտ անձը Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ կրակել է 41-ամյա Արթուր Սաֆարյանի վրա (Նա հայտնի քրեական հեղինակություն «Թեւոսիկի» եղբայրն է-խմբ): Նրան հրազենային վնասվածքով, արդեն մահացած վիճակում տեղափոխել են թիվ 3 հիվանդանոց:

Դեպքի առթիվ  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: