Գերմանական կարմիր խաչի կողմից մայրաքաղաքում իրականացվող բարեգործական ծրագրերի ընթացքի վերաբերյալ հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ Գերմանական կարմիր խաչի արտաքին կապերի վարիչ Միխայիլ Ուիբելի գլխավորած պատվիրակության հանդիպման ժամանակ:
Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպության կողմից մայրաքաղաքում իրականացվող բարեգործական ծրագրերի եւ մարդասիրական կարեւոր առաքելության համար. «Արդեն երկու տասնամյակ է, ինչ Գերմանական կարմիր խաչը մարդասիրական գործունեություն է իրականացնում Երեւանում։ Օգտվելով առիթից՝ մեկ անգամ եւս իմ եւ երեւանցիների անունից շնորհակալություն եմ հայտնում Ձեզ ու Ձեր կառույցին՝ բարեգործական առաքելության համար: Վստահեցնում եմ, որ այսուհետ էլ Երեւանի քաղաքապետարանը պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում շարունակելու աջակցել սոցիալական կարեւոր նշանակություն ունեցող բարեգործական ձեր բոլոր նախաձեռնություններին»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Միխայիլ Ուիբելը նշել է, որ քաղաքապետարանի հետ արդյունավետ համագործակցությունն այսուհետ եւս կլինի շարունակական. «Բարեգործությունն առավել նպատակային է դառնում, երբ առկա է տեղական կառավարման մարմնի գործուն աջակցությունը: Քաղաքապետարանն իսկապես վստահելի գործընկեր է մեզ համար, ինչի վառ ապացույցը նաեւ այն աջակցությունն է, որ ըստ ամենայնի Երեւանի քաղաքապետարանը ցուցաբերում է իրականացվող սոցիալական ծրագրերին»,- ընդգծել է Գերմանական կարմիր խաչի արտաքին կապերի վարիչը:
Նշենք, որ Երեւանի քաղաքապետարանի եւ Հայաստանում Գերմանական կարմիր խաչի միջեւ 2013 թվականի հոկտեմբերին կնքված համագործակցության պայմանագրի շրջանակում Երեւան քաղաքի սոցիալապես առավել անապահով ավելի քան 400 շահառուներ Քանաքեռ-Զեյթուն, Կենտրոն եւ Էրեբունի վարչական շրջաններում «Գթության խոհանոց» բարեգործական ծրագրի շրջանակում ապահովվում են տաք սննդով:




























