Մենք բարձր ենք գնահատում Չեխիայի Հանրապետության կառուցողական դիրքորոշումը՝ սատարելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Այս մասին, այսօր՝ հունվարի 30-ին, Պրահայում Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Շուրջ 2 տարի տեւած դադարից հետո 2013 թվականի նոյեմբերին Վիեննայում տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, ինչն ինքնին, իհարկե, դրական քայլ է բանակցային գործընթացում: Նախագահների մակարդակով ուղիղ շփումները կարեւոր խթան են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններին, որը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման միակ ձեւաչափն է: Վերջին հինգ տարիների ընթացքում համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների մակարդակով ընդունված հայտարարություններում ամրագրված սկզբունքներն ու դրույթները լավ հիմք են ապահովում հիմնախնդրի արդար եւ տեւական խաղաղ կարգավորման համար: Մենք կիսում ենք համանախագահ երկրների տեսակետը, որ այդ սկզբունքներն ու դրույթները պետք է դիտարկվեն որպես մեկ ամբողջություն, եւ դրանցից որեւէ մեկին մյուսի նկատմամբ գերակայություն տալու փորձերը անհնարին կդարձնեն փոխզիջման ձեռք բերումը եւ կարգավորման հասնելը»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ այդուհանդերձ, հիմնահարցի կարգավորումն իրատեսական չի թվում, եթե Ադրբեջանը մեկընդմիշտ չհրաժարվի ռազմատենչ քարոզչության, սպառազինությունների մրցավազք հրահրելու եւ շփման գծում սադրիչ գործողություններ իրականացնելու արատավոր քաղաքականությունից: «Ժամանակն է, որ ադրբեջանական կողմը կառուցողական մոտեցում ցուցաբերի հիմնախնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու հարցում: Այստեղ պետք է մի շատ կարեւոր շեշտադրում կատարեմ, պարոն նախագահ. հիմնախնդրի խաղաղ եւ տեւական կարգավորման հարցում մենք ակնկալում ենք միջազգային հանրության անկողմնակալ մոտեցումը կամ առնվազն գործընթացին չվնասելու սկզբունքով առաջնորդվելը:

Նախագահ Զեմանի հետ լիովին համակարծիք էինք, որ տարածաշրջանային հակամարտությունները պետք է կարգավորվեն բացառապես խաղաղ ճանապարհով եւ բանակցությունների միջոցով»,-ասել է նա: