Բարի ավանդույթ եւ գեղեցիկ կա, որ Երեւանի քաղաքապետը շնորհավորում է աշխատակիցների ծննդյան օրերը, այդ թվում նաեւ մանկապարտեզների, դպրոցների տնօրենների, մշակութային օջախների ղեկավարների: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը՝ մեկնաբանելով Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանի հայտարարությունը, թե ինչ բարոյական հիմքերով է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել թիվ 27 դպրոցի նախկին՝ ՀՀ Շենգավիթի դատարանի կողմից դատապարտված տնօրեն Սուսաննա Սարգսյանին:
«Ընդհանրապես այդ շնորհավորանքները ստորագրման են ներկայացվում քաղաքապետարանի անձնակազմի կառավարման բաժնի կողմից, ապա փոխանցվում տվյալ անձանց: Տվյալ բաժնի աշխատակցի անփութության պատճառով տեղ է գտել այս թյուրիմացությունը, այսինքն դպրոցների տնօրենների շարքից չի հանվել նախկին տնօրենի անուն ազգանունը, հետեւաբար շնոհավորանք է ուղարկվել նաեւ նրան»,-ասաց Արթուր Գեւորգյանը՝ հավելելով. «Հաշվի առնելով այս հանգամանքը եւ բացառելու համար նմանատիպ անփութությունները, աշխատակազմի քարտուղարի կողմից խիստ զգուշացում է տրվել անձնակազմի կառավարման բաժնի համապատասխան աշխատակցին»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Անահիտ Բախշյանը քաղաքապետին ուղղված նամակում, մասնավորապես, գրել էր.
«Ինձ հայտնի է դարձել, որ սույն թվականի հունվարի 29-ին թ.27 դպրոցի նախկին՝ ՀՀ Շենգավիթի դատարանի կողմից դատապարտված տնօրեն Սուսաննա Սարգսյանը, ում նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը օրինական ուժի մեջ է մտել ս.թ. հունվարի 26-ին, դպրոցում կոլեկտիվին է ներկայացրել Ձեր կողմից իր ծննդյան տարեդարձի շնորհավորական ուղերձը, որում Դուք անգնահատելի եք համարել նրա աշխատանքն ու ներդրումը պետականության կայացման ու պահպանման կարեւորագույն գործում այն դեպքում, երբ այդ տնօրենը դատապարտվել է պետական միջոցները խոշոր չափերով յուրացնելու հոդվածով: Ուղերձը գրված է եղել քաղաքապետարանի տիտղոսաթերթի վրա, որը բարձրաձայն հրապարակել է դպրոցի հայոց լեզվի նորանշանակ ուսուցչուհի Գայանե Ավետիսյանը, իսկ այժմ այն հրապարակված է տնօրենի Facebook-ի էջում:
Բացատրեք խնդրեմ, թե ինչ բարոյական ու մարդկային արժեքներից ելնելով եք պետական միջոցները խոշոր չափերի յուրացման մեջ մեղադրվողին ու արդեն դատապարտված նախկին տնօրենին շնորհավորել իր ճի՛շտ հակառակ՝ հանցավոր գործունեության համար: Ձեր շնորհավորանքով ակնհայտ եք դարձնում հովանավորչության աստիճանը, որը շարունակում է վայելել դատապարտյալ նախկին տնօրենը, եւ սրանով Դուք այսուհետ Ձեզ զրկում եք ի պաշտոնե պետականության ամրապնդման եւ նրա շահերի մասին խոսելու իրավունքից»:




























