Իտալիայի վերաքննիչ դատարանը ամերիկուհի Ամանդա Նոքսի գործի կրկնակի քննության ընթացքում նրան հեռակա կարգով դատապարտել է 28,5 տարվա ազատազրկման՝ անգլիացի ուսանողուհի Մերեդիթ Քերչերի սպանության մեջ մեղավոր ճանաչելով:
2009թ. Ամանդան դատապարտվել էր 26 տարվա ազատազրկման՝ սենյակի հարեւանուհի Մերեդիթ Քերչերին սպանելու համար: Նոքսից բացի, 25 տարվա ազատազրկման էր դատապարտվել նաեւ նրա ընկերը՝ իտալացի Ռաֆայելե Սոլեչիտոն: Սակայն երկու տարի անց դատարանը վճիռը չեղյալ էր հայտարարել՝ պաշտպանության բողոքարկումից հետո, որը պնդում էր, թե պետական մեղադրողն առանցքային ապացույցներ չունի: Իտալիայի Վճռաբեկ դատարանը դատախազության պահանջով լրացուցիչ անցկացնելու որոշում էր կայացրել:
Ֆլորենցիայում հունվարի 30-ին կայացած դատական նիստում 26-ամյա Նոքսը 28,5 տարվա ազատազրկման է դատապարտել, Սոլեչիտոն՝ 25 տարվա, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Agence France-Presse-ը:
Ամբաստանյալները դատական նիստին ներկա չեն եղել:
Նոքսն այս պահին բնակվում է Սիեթլում, Վաշինգտոն նահանգ: Փորձագետները չեն կարծում, թե ԱՄՆ-ի իշխանությունները կհամաձայնեն նրան արտահանձնել:
Սոլեչիտոն էլ իր հերթին գերադասել էր տանը մնալ՝ լրատվամիջոցների ուշադրությունից խուսափելու նպատակով:
Նոքսն ու Սոլեչիտոն վճիռը կարող են բողոքարկել Վճռաբեկ դատարանում, որը վերջնական որոշում կկայացնի:
Լրագրողները Նոքսին «քնքուշ մարդասպան» են անվանում՝ նշելով նրա գեղեցկությունը, խելքը, սեքսուալությունը: ԱՄՆ վերադարձից հետո Vivid Entertainment ընկերությունը նրան պոռնոաստղի կարիերա էր առաջարկել:
Պերուջայում անգլուհի Մերեդիթ Քերչերի կիսամերկ, անշնչացած մարմինը 2007թ. գտել էին այն տան ննջասենյակում, որը նա վարձակալում էր Նոքսի եւ երկու իտալուհիների հետ: Քննության տվյալով՝ այն ժամանակ 19 տարեկան Նոքսը եւ Սոլեչիտոն որոշել էին օրգիա կազմակերպել եւ Քերչերին էլ ներգրավել: Վերջինս հրաժարվել էր, ինչից հետո, ըստ մեղադրողների, նրան բռնաբարել եւ դաժան ծեծի էին ենթարկել:




























