Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ հունվարի 31-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին:

Կառավարության ամուլի ծառայությունից հայտնում են, թե վարչապետը շնորհավորել է դեսպանին դիվանագետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք մեր երկրում: Տիգրան Սարգսյանը նշել է, որ հայ-իտալական դարավոր բարեկամական հարաբերությունների հիմքում ընկած են հարուստ պատմական եւ մշակութային կապերը եւ հույս հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ նոր թափ կհաղորդի դրանց: 

Դեսպան Ռիչուլլին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ հավաստիացնելով, որ պաշտոնավարման ընթացքում կանի հնարավորինս՝ երկկողմ հարաբերությունները տարբեր ոլորտներում ամրապնդելու եւ խորացնելու ուղղությամբ:

Զրուցակիցներն անդրադարձել են ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրոպական միության շրջանակում համագործակցության հեռանկարներին: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել ԵՄ տեխնիկական եւ ֆինանսական օժանդակությունը մեր երկրում բարեփոխումների իրականացման գործընթացում: Վարչապետ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է ԵՄ-ի հետ հարաբերությունների ընդլայնմամբ եւ ի դեմս Իտալիայի ակնկալում է ակտիվ գործընկերոջ աջակցությունն այդ հարցում:

Երկուստեք անհրաժեշտ է համարվել առեւտրատնտեսական համագործակցության ոլորտում առկա ներուժի լիարժեք իրացումը: Այդ համատեքստում կարեւորվել է հայ եւ իտալացի գործարարների միջեւ կապերի ակտիվացումը, համատեղ բիզնես ծրագրերի իրականացումը: